Հռոմի պապն ուղերձ է հղել հայ կաթողիկե հավատացյալներին
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր հոգևոր գոհունակությունն է հայտնում Գյումրիում հայ կաթողիկե հավատացյալներին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման առթիվ:
Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Պապական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին առաջնորդանիստ եկեղեցու օծմանը բոլոր ներկաներին և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդին փոխանցելով Ֆրանցիսկոսը պապի հոգևոր ողջույնն ու պապական մաղթանքը՝ նշեց, որ սրբազան քահանայապետը գոհունակություն է արտահայտել, որ հաջողությամբ են պսակվել Աստվածահաճո այս առաքելությունը, բոլորի ջանքերն ու նախաձեռնությունները: Ֆիանցիսկոս պապը ցանկություն է հայտնել, որ այս հրաշագեղ իրադարձությունը նպաստի թեմի հասարակության վերանորոգ հոգևոր աշխուժությանը` Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի գլխավորությամբ` միշտ ավելի հավատարիմ, վեհանձն առաքելական ճիգ գործադրելով, որը ճմարիտ վկայություն է եղբայրական սիրո` սուրբ մարտիրոսների օրինակին հետևելով, որոնց նվիրված է այս մայր տաճարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սրբազան Քահանայապետը, ողջունելով արարողությանը ներկա հոգևոր և քաղաքական իշխանություններին, Հայ Առաքելական եկեղեցու եղբայրներին և համայն հայ կաթողիկե եկեղեցու հավատացյալներին՝ հայցում է Աստվածամոր սուրբ կույս Մարիամի հզոր պաշտպանությունը՝ տալով իր Հայրապետական առաքելական օրհնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռոնաիստ եկեղեցի կառուցելու նպատակ է ունեցել և առաջին քայլերն իրականացրել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդ երջանկահիշատակ Գ.Տ. Ներսես արք. Տեր-Ներսիսյանը: Նախապատրաստական գործողությունները շարունակել է երկրորդ առաջնորդ Գ.Տ. Նշան արք. Կարաքեհեէյանը, շինարարական աշխատանքներն սկսվել են Առաքելական պատվիրակ նշանակված, Հ. Վահան ծ.վրդ. Օհանյանի օրոք 2010 թվականից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ: Եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակել և ավարտին է հասցրել 2011 թվականից թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնած Գ.Տ. Ռաֆաել արքեպիսկոպոս Մինասյանը, ում որոշմամբ էլ՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ, ի նշան նահատակների անմար հիշատակի, եկեղեցին կրում Սրբոց Նահատակաց անվանումը: