Սփյուռք

Հալեպի հայ ազգային պատսպարանի երեխաները արձակուրդը կանցկացնեն Հայաստանում

2 րոպեի ընթերցում

 Հալեպի հայ ազգային պատսպարանի երեխաները արձակուրդը կանցկացնեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը սեպտեմբերի 21-ին այցելել է Հալեպի հայ ծերանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ծերանոցի տնօրենի, խնամակալության խորհրդի անդամների և Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարությունի ուղեկցությամբ Տիգրան Գևորգյանը շրջել է ծերանոցով և զրուցել այնտեղ ապաստանած տարեցների հետ՝ հետաքրքրվելով նրանց կարիքներով և մտահոգող հարցերով:

Գլխավոր հյուպատոսը ներկաներին շնորհավորել է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի առթիվ և վստահեցրել, որ սիրիահայության, մասնավորապես, սոցիալապես առավել խոցելի խավերի՝ ծերերի և մանուկների խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ իշխանութունների ուշադրության կենտրոնում:

Տիգրան Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ծերանոցի աշխատակիցներին իրենց անձնվեր աշխատանքի համար:

Նույն օրը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է հայ ազգային պատսպարան (մանկատուն): Տիգրան Գևորգյանը պատսպարանի սաներին շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ ուսման մեջ, իսկ տնօրինությանը վստահեցրել է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության և պատսպարանի համագործակցությունը ապագայում նույնպես շարունակվելու է:

Հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը և պատսպարանի տնօրինությունը քննարկել են դպրոցական արձակուրդներին երեխաների հանգիստը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը:

Հայ ծերանոց և պատսպարան այցելության ընթացքում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը երկու հաստատությունների տնօրինություններին հանձնել է հայազգի բարերար Վարդան Սերմաքեշի կողմից կատարված դրամական նվիրատվությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում