ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լրջորեն կուսումնասիրի Թուրքիայի տարածքում հայկական պատմամշակութային վայրեր այցելելու կոչ անող տուրիստական գործակալությունների կողմից առաջարկվող ուղղությունները և անհրաժեշտության դեպքում կարձագանքի: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի այն հարցին, թե որքանով է անվտանգ ՀՀ քաղաքացիների համար թուրք-քրդական հակամարտության թեժ շրջանում Թուրքիայի տարածքում հայկական պատմամշակութային վայրեր այցելելը:
«Դուք գիտեք, որ արտաքին գործերի նախարարությունը տարբեր իրադարձությունների հետ կապված զգուշացնում է տուրիստական կազմակերպություններին ոչ միայն Թուրքիա, նաև այլ երկրներում տիրող վտանգավոր իրավիճակների մասին: Նաև արտգործնախարարության կայքում զգուշացնում ենք այս կամ այն վայրում տիրող իրավիճակի վտանգավորության մասին: Մենք ավելի լրջորեն կուսումնասիրենք ձեր բարձրացրած հարցը՝ հասկանալու համար, թե ինչ ուղղություններով են տուրիստական գործակալություններն այցեր առաջարկում: Եթե անհրաժեշտություն լինի, մենք կարձագանքենք: Վստահ չեմ, որ մենք պետք է արձագանքենք, սակայն եթե կարիքը լինի, կարձագանքենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Արձագանքելով նախարարի պատասխանին՝ Շուշան Պետրոսյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Դիարբեքիրում պարետային ժամ է հայտարարվել, իսկ այս գիշեր անհանգիստ վիճակ է եղել Մարդինում և Վանում: Պատգամավորն ընդգծեց, որ Արևմտյան Հայաստան տուրիստական ուղևորություններն անպայման անցնում են այդ տարածքներով և դրանով է պայմանավորված իր անհանգստությունը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Շուշան Պետրոսյանին՝ հարցին ուշադրություն դարձնելու և դրա մասին բարձրաձայնելու համար: