Մարզային

Բագրատ Սրբազանը պաշտոնապես ստանձնեց հերոսական Տավուշի թեմի առաջնորդությունը

3 րոպեի ընթերցում

Բագրատ Սրբազանը պաշտոնապես ստանձնեց հերոսական Տավուշի թեմի առաջնորդությունը

ԻՋԵՎԱՆ, 6 ՍՊԵՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում կիրակնօրյա պատարագով Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պաշտոնապես ստանձնեց Տավուշի հոգևոր առաջնորդի պաշտոնը: Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասի` Տավուշի թեմի նախորդ առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը գավազանը փոխանեցեց նորանշանակ առաջնորդին` Բագրատ Սրբազանին:

Եկեղեցին լեփ-լեցուն էր հավատավոր մարդկանցով, ովքեր եկել էին Հայաստանի տարբեր հատվածներից: Հոգևոր առաջնորդի կողմից մատուցվող պատարագը լի էր հաղթական ոգով, որի վկայությունն է նրա քարոզը: «Այստեղ մտնող մարդը պետք է զգա լույսը, պետք է ունենա կյանքի նկատմամբ հույսի ու հաղթանակի զգացումը: Երբեք խեղճ, ընկճված ու թշվառ վիճակում չպետք է լինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Տավուշի թեմի նորանշանակ առաջնորդը: Նա Սուրբ խորանից ներկաներին ցույց տվեց մանկական մեքենա խաղալիք, որն ադրբեջանական կրակահերթերի պատճառով ևս խոցվել էր թշնամու փամփուշտից: «Այս քանի օրերին մենք գտնվում էինք կրակահերթերի ներքո, Երևանում խուճապ էր, մեր գյուղերում մարդիկ նարդի էին խաղում, հեռուստացույց դիտում, իրենց այգին մշակում ու սահմանն էին պահում: Մենք անընդհատ ասել ենք` այստեղ բացարձակ տագնապի ու խուճապի վիճակ գոյություն չունի, այստեղ քաջարի, արժանապատիվ հայ մարդ է ապրում, որը պաշտպանում է իր սահմանը, մեզ բոլորիս: Բոլորիս կյանքի համար այնտեղ կանգնած է հայ զինվորը: Այդ սահմանի պաշտպաններից մեկը մեքենայի տերն է»,-ասաց Սրբազանը` հավելելով, որ դա է տավուշեցու պատմությունը: «Ամենափոքր երեխան` խոցված անիվով մեքենայով, կանգնած է սահմանի եզրին ու երբ հարցնում ենք` վախենում եք, ասում են` ոչ»,-շեշտեց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Ժողովրդին ուղղված խոսքում Սրբազանը նշեց, որ իրենք հոգևորականներով սակավ են, սակավ են նաև նյութական միջոցները, բայց իրենց համառությունն ու կամքը, հավատքն` առ Աստված, առաջնորդելու է հաղթանակների: «Բայց դա լինելու է միասին: Ոչ մի բանի չենք կարող հասնել, եթե չկանք որպես ընտանիք, որպես հավաքականություն»,-ընդգծեց Բագրատ Սրբազանը:

Տավուշի թեմի առաջնորդը կոչ արեց սիրով լցված լինել միմյանց հանդեպ: «Շռայլություն է մեզ համար ապրել ու չսիրել միմյանց: Գաղափարների տարբերություն կունենանք բոլորս ամենուր և պետք է ունենանք, բայց գաղափարների տարբերության միջոցով ատելություն չպետք է սերմանվի: Դա մեզ համար չափից շատ է»,-եզրափակեց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Այնուհետև Սրբազանը Հաղորդության արժանացրեց հավատացյալներին:

Պատարագի ավարտին եկեղեցու բակում թևածեց հայկական երգն ու պարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում