Հատուկ նախագծեր

«Հաղթանակի գեներալները». Սարգիս Մարտիրոսյան

6 րոպեի ընթերցում

 «Հաղթանակի գեներալները». Սարգիս Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր ռազմական գործիչ Սարգիս Մարտիրոսյանը ծնվել է 1900 թվականի սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Շամախու շրջանի Մադրասա գյուղում` քահանայի ընտանիքում: Նախնական կրթությունը նա ստացել է հայրենի գյուղի դպրոցում, որից հետո Սարգիսը շարունակում է իր կրթությունը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:

Բանակային ծառայության սկիզբը

1918 թվականի մայիսից նա ծառայել է Բաքվի կարմիր գվարդիայում: Այնուհետև` 1919-1920 թվականներին Մարտիրոսյանը որպես կրտսեր ենթասպա ծառայել է Հայաստանի առաջին Հանրապետության առաջին հեծյալ գնդում:

1920 թվականին` Հայաստանի խորհրդայնացումից հետո, Սարգիսը կամավոր անդամագրվել է Կարմիր բանակ` 1921-39 թվականներին ծառայելով Հայկական հրաձգային դիվիզիայում: 1925 թվականին Թիֆլիսում նա ավարտել է Կովկասյան բանակի շտաբին կից դասընթացները, իսկ 1928 թվականին` Գլխավոր շտաբին կից հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները Մոսկվայում:

Սարգիսը 1939 թվականից եղել է Բելառուսի ռազմական օկրուգի 30-րդ հրաձգային դիվիզիայի օպերատիվ բաժնի պետ, որի կազմում մասնակցել է Մերձբալթիկայի, Արևմտյան Բելառուսի և Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը:

Հայրենական մեծ պատերազմ

1941 թվականի փետրվարից Մարտիրոսյանը նշանակվել է Խարկովի ռազմական օկրուգի 227-րդ Հրաձգային դիվիզիայի շտաբի պետ: 1941 թվականի սեպտեմբերից նա հանդիսացել է Արևմտյան ռազմաճակատի 340-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար` մասնակցելով Մոսկվայի պաշտպանությանը, Կուրսկի, Տուլայի, Օրյոլի ճակատամարտերին, Օստրոգոժսկ-Ռոսսոշանսկյան, Կորսուն-Շևչենկովսկյան, Սանդոմորյան, Յասսո-Քիշինևյան, Ներքին-Սիլեզյան, Վիսլա-Օդերյան, Բեռլինի և Պրահայի գործողություններին, Ուկրաինայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրմանը: 1943 թվականի հունվարին հայ նշանավոր հրամանատարը մասնակցել է Օստրոգոժսկի, Ստարի Օսկոլի, Բելգորոդի և Խարկովի ազատագրմանը:

1943 թվականի մայիսից Սարգիս Մարտիրոսյանը դարձել է 50-րդ հրաձգային կորպուսի հրամանատար և նույն թվականի սեպտեմբերի 2-ին մասնակցել Սումի, ապա Ռոմնի, Պրիլուկի քաղաքների ազատագրմանը և Դնեպրի գետանցմանը: Ակտիվորեն մասնակցել է Կիևի ազատագրմանը` 1943 թվականի նոյեմբերի 6-ին նշանակվելով Կիևի կայազորի առաջին պետ:

1944 թվականին մարտ-ապրիլին Մարտիրոսյանի կորպուսը, որի կազմում էր Լյուդվիգ Սվոբոդայի չեխոսլովակյան 1-ին հրաձգային բրիգադը գետանցել է Հարավային Բուգը, Դնեստրը, Պրուտը` ազատագրելով ավելի քան 400 բնակավայր: Ըստ Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» (Ե., 2009) գրքի:

ԽՍՀՄ հերոս

1944 թվականի հուլիսի 27-ին բարձր նվիրվածության և նշանակալից մարտական գործողությունների վարման բացառիկ հմուտ ղեկավարման համար ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը Սարգիս Մարտիրոսյանին շնորհել է Պատվո Լեգիոների կոչում` հանձնելով «1-ին աստիճանի Կոմանդորական խաչ»:

1945 թվականի հունվարի 21-ին ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը Սարգիս Մարտիրոսյանի կորպուսն ազատագրել է լեհական Խմելնիկ, Վելյուն, Վրոցլավ քաղաքները` ոչնչացնելով ավելի քան 20 հազար զինվոր և սպա, 83 տանկ, 21 ինքնաթիռ, մեծաքանակ այլ ռազմական տեխնիկա: 1945 թվականի մայիսի 9-ին նրա ղեկավարած կորպուսն առաջինն է մտել ազատագրված Պրահա:

Մարտական առաջադրանքներն օրինակելորեն կատարելու, հրաձգային կորպուսի հմուտ ղեկավարման համար 73-րդ հրաձգային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանին 1945 թվականին մայիսի 29-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում:

Հետպատերազմյան տարիներ

Սարգիս Մարտիրոսյանը 1947 թվականին ավարտել է Կ. Վորոշիլովի անվան գլխավոր շտաբի ռազմական ակադեմիային կից բարձրագույն ակադեմիական դասընթացները: 1951 թվականից նա հանդիսացել է Անդրկովկասյան 7-րդ գվարդիական բանակի հրամանատարի օգնական: ԽՍՀՄ Կարմիր բանակից գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը զորացրվել է 1953 թվականին. եղել է նաև Խորհրդաչեխոսլովակյան բարեկամության միության փոխնախագահ, հայ-չեխոսլովակյան բարեկամության միության նախագահ: Զորացրվելուց հետո Մարտիրոսյանը բնակվել է Երևանում:

Սարգիս Մարտիրոսյանը իր մահկանացուն կնքել է 1984 թվականի փետրվարի 15-ին Երևանում. նրա աճյունն ամփոփված է զինվորական գերեզմանատանը:

Ըստ «Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге» (Санкт-Петербург, 2014) գրքի:

Պարգևները

Սարգիս Մարտիրոսյանը պարգևատրվել է Լենինի, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի երկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, «Մոսկվայի պաշտպանության համար», «Պրահայի ազատագրման համար» մեդալներով, չեխոսլովակյան «Սպիտակ առյուծի» 2-րդ աստիճանի, «Խաչ սուսերով» և այլ շքանշաններով:

1984 թվականից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Մարտիրոսյանի անունով փողոց է անվանակոչված, տեղադրված է հուշատախտակ. նրա անունով փողոցներ են անվանակոչվել նաև Պրահայում, Երևանում և այլ քաղաքներում:

Գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը Սումիի, Վելյունի, Վրոցլավի, Կիևի, Մլադա Բոլեսլավի, Պրահայի և Երևանի պատվավոր քաղաքացի էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում