Հայկական ստվերների թատրոնի ավանդույթները վերականգնվում են
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդուն միշտ գերել է ստվերի և լույսի խաղը: Պատմական աղբյուրները վկայում են, որ դեռ 17-րդ դարում Օսմանյան կայսրությունում մեծ տարածում ունեցող ստվերների թատրոնի խմբերում քիչ չէին նաև հայազգի դերասանները: Էլեկտրոնային լույսի ու ստվերի թատրոնի, հեռուստատեսության զարգացմանը զուգընթաց այս արվեստը կտրուկ կերպով սկսեց մոտենալ իր մայրամուտին: Հայաստանում կա նվիրյալների մի խումբ, ում 35 տարի առաջ գերել էր ստվերների թատրոնը. մինչ օրս նրանք պահպանում են մեր նախնիներից հասած և կցկտուր պահպանված ժառանգությունը՝ ավելի զարգացնելով այն:
«Այրոգի» ստվերների թատրոնի անձնակազմը բաղկացած է դեռ 80-ականների սկզբում ստեղծված «Այրուձի» հեծյալ արշավախմբի անդամներից: Աշոտ Սարգսյանը նախըտրում է իրեն ներկայացնել որպես «Այրուձի»-ի հրամանատար: Դեռևս հեռավոր 80-ականներին Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողների հետ իրենք ջանում էին բացահայտել և հանրայնացնել մեր նախնիների պահպանված, սակայն վերջին տասնամյակներում մոռացության մատնված մշակույթի տարրերը:
«Արշավախումբը ստեղծվեց ազգագրության զարթոնքի տարիներին, երբ շատ խմբեր ստեղծվեցին, սակայն մեր նպատակն այլ է՝ մենք ո’չ ազգագրագետ էինք, ո’չ երգիչ, ո’չ էլ պարող: Մենք ցանկանում էինք ձիավարժություններ անել, հեծյալ խաղերը վերականգնել և գտնել մոռացված մշակույթի նմուշներ: Հիմնական կազմը Պոլիտեխնիկական ինստիտուտի տղաներն էին, նաև կային Թատերական ինստիտուտի ներկայացուցիչներ: 1984 թ. Պոլիտեխնիկ ինստիտուտը ձիեր գնեց և Բալահովիտ գյուղում ստեղծեց ձիարշավարան: Նույնիսկ այն ժամանակ, երբ ձիերով արշավների էինք գնում գյուղերն ու արոտավայրերը, այնտեղի մարդկանց մոտ կար զրուցելու կարոտը, և այդ ժամանակ ծագեց ստվերների թատրոնի վերականգնման միտքը: Միաժամանակ ստվերների թատրոնի վերականգնման ջանքեր էին գործադրում Հենրիկ Իգիտյանի մանկական գեղագիտական կենտրոնում, ինչպես նաև որոշ ազգագրագետները: Իսկ մենք տրուբադուր էինք՝ մեզ ո’չ բեմ էր պետք, ո’չ տոմսի վաճառք: Մեզ բավարար էր գոմում տեղադրել վարագույր», - «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Աշոտ Սարգսյանը:
Մոտ 25 տարվա դադարից հետո «Այրոգի»թատերախումբը կրկին ցուցադրում է հնուց պահպանված մանրապատումների և հայ ազգային հեքիաթների հիման վրա ձևավորված ներկայացումները: Դրանք կարելի է դիտել Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամում մեկ անգամ: Մուտքն անվճար է:
«Մեր ներկայացումներին հանդիսատեսին հրավիրում ենք իրենց մեզ հետ համախորհեր դարձնելու համար: Արդեն 30 տարուց ավելի է ներկայացումներ ենք ցուցադրում, սակայն ստվերների թատրոնի գոյության մասին շատերը չգիտեն: Թուրքիայում, Հունաստանում և Չինաստանում ստվերների թատրոնն ազգային ապրանքանիշերից մեկն են: Մոտ երեք հարյուր տարի առաջ Չինաստանից մի միսիոներ ստվերների թատրոնը բերել էր Ֆրանսիա: Դա 1775 թվականին էր, և ընդամենը տասը տարվա ընթացքում այն սկվեց տարածվել Անգլիայում, Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում: Հայաստանում ստեվերների թատրոնը, մեր ենթադրությամբ, տարածվել է նույն արաբական խալիֆայության տարիներին: Մեզ հավաստի հայտնի է, որ 17-րդ դարից նկարագրություն է պահպանվել այն մասին, որ Օսմանյան կայսրությունում գործում էին ստվերների թատրոնի մի շարք խմբեր, այդ թվում նաև` հայկական խմբեր», - ներկայացման ընթացքում հանդիպսատեսին պատմեց «Այրուձի» էկոմշակութային ակումբի նախագահ Արմեն Կիրակոսյանը:
Նրա խոսքով` իրենք սյուժեները որոշակիորեն «փափկացնում ենք» և շտկում բարբառը, որպեսզի հանդիսատեսին հասկանալի լինի: Ներկայացումները ժամանակին նախատեսված էին միայն տղամարդկանց համար, երեխաներին և կանանց թույլ չեն տվել մասնակցել դրանց:
«Այրոգի» թատերախմբի ներկայացումների խաղացանկում առկա են 19-րդ դարից պահպանված հայկական ստվերների թատրոնի որոշ բեմադրություններ: Դրանք պահպանել և 1960-ականներին Հայաստանում վերականգնել են Ջավախքից Խաչատուր Թումասյանը և Մելքոնյան Հովհաննեսը (Մելքոնենց Հովհաննես): Թատրոնի տիկնիկների մի մասը Խաչատուր Թումասյանի տիկնիկների կրկնօրինակներն են, որոնք շարունակում են խաղալ իրենց հեղինակի ստեղծած մանրապատումները: Այդ տիկնիկների բնօրինակներն այսօր գտնվում են Սարդարապատի թանգարանում:
Ի դեպ, թատերախմբի բոլոր անդամներն իրենց մասնագիտություներում կայացած մարդիկ են, ովքեր խոստովանում են, որ հոգու խորքում մնացել են նույն 20 տարեկան պատանիները: Նրանք մոտ օրերս «Այրուձի» արշավախմբի 35-ամյակի շրջանակներում պատրաստվում են շրջապտույտ կատարել Արագած լեռան շուրջ և նախկինի պես կանգնել գյուղերում՝ ցուցադրելով ձիախաղ և ստվերների թատրոն:
Պատրաստեց Անահիտ Մինասյանը