Միջազգային

Եմենում հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասնում է երկու հազարի

2 րոպեի ընթերցում

Եմենում հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասնում է երկու հազարի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 1916-ի, իսկ վիրավորների թիվը՝ 4186-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, վիճակագրական տվյալները կազմվել են մարտի 26-ից: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության մամուլի գրասենյակի խոսնակ Սեսիլ Բոյլը նշել է, որ զոհերի առավել մեծ ցուցանիշ գրանցվել է հուլիսի 19-ին, երբ զոհվել է 95 մարդ, այդ թվում՝ 29 երեխա, վիրավորվել է 198 մարդ: Բախումները տեղի են ունեցել Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքի Ղալիլ շրջանում: Ռազմական գործողություններն իրականցվել են շիա ապստամբների՝ հոուսիթների դեմ:

Բացի դրանից ևս մեկ՝ առավել արյունալի օր գրանցվել է հուլիսի 24-ին, երբ զոհվել է 73 մարդ, այդ թվում՝ 11 երեխա, վիրավորվել են ևս 93 քաղաքացիներ: Դեպքը գրանցվել է Թայիզ շրջանում: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է, որ Եմենի բնակչության 80 տոկոսը՝ ավելի քան 21 միլիոն մարդ, մարդասիրական օգնության կարիք ունի:

Եմենում հակամարտությա ռազմական փուլը սկսվել է 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների՝ Ադեն մտնելով, հեռացել էր երկրից: Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվելէ ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում