Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն Իսրայելի վրա Իրանի հարձակմանը դիմագրավելուն ավելի լավ է պատրաստված, քան ապրիլին. Պենտագոն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իսրայելի վրա Իրանի հարձակմանը դիմագրավելուն ավելի լավ է պատրաստված, քան ապրիլին. Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է պատրաստված՝ դիմագրավելու Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը, քան այս տարվա ապրիլին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Մերձավոր Արևելքում լրացուցիչ ուժերի տեղակայումը թույլ կտա խուսափել լարվածության հետագա սրումից։ 

«Մենք գիտենք, որ իրավիճակը լարված է։ Մենք ցանկանում ենք տեսնել տարածաշրջանում լարվածության թուլացում, - նշել է նա: - Մենք նաև ուղարկում ենք ազդանշան, որ եթե ստիպված լինենք իրականացնել նույն բանն, ինչ արեցինք ապրիլի 13-ին, ապա մենք էլ ավելի լավ ենք դիրքավորված, քան այն ժամանակ, որպեսզի օգնության գանք Իսրայելի պաշտպանությանը», - հայտարարել է Սինգհը:

Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացումից խուսափելու լավագույն միջոցն Իսրայելի և ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի գործարքի կնքումն է։

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսությանն Իսրայելի հասցրած հարվածից զոհվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 5 սպա և 2 գեներալ: Ապրիլի 13-ին Թեհրանն, ի պատասխան Իսրայելի հարձակման, շուրջ 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակում նշել են, որ խոցել են արկերի 99 %-ը։ Հրթիռների և ԱԹՍ-ների կալանման գործում օգնել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։

Տարածաշրջանում լարվածությունն էլ ավելի է սրվել հուլիսի 31-ին ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո. նա Թեհրանում էր՝ մասնակցելու Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին՝ խոստանալով վրեժ լուծել: Իսրայելը ո՛չ, հերքել, ո՛չ հաստատել է իր առնչությունը Հանիյեի սպանությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում