Մերձավոր Արևելք

Գազայի բնակչության 90 %-ը տեղահանվել է տարածաշրջանում հակամարտության մեկնարկից ի վեր. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Գազայի բնակչության 90 %-ը տեղահանվել է տարածաշրջանում հակամարտության մեկնարկից ի վեր. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածի բնակչության գրեթե 90 %-ը տեղահանվել է 2023 թ. հոկտեմբերին տարածաշրջանում Իսրայելի ռազմական գործողությունների սկզբից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը X սոցիալական ցանցում տարածած տեսանյութում։

Գազայի հատվածի տեղահանված բնակիչները սահմանափակված են տարածքով, որը կազմում է անկլավի ընդհանուր տարածքի ընդամենը մեկ տասներորդը: 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նաև հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միայն օգոստոսի ընթացքում իսրայելական ուժերը 12 անգամ տարհանման հրահանգ են տվել՝ 250 000 մարդու ստիպելով կրկին տեղահանվել։

Ըստ հայտարարության՝ ապաստարանները գերբնակեցված են, աղտոտված և անապահով։ Մարդիկ զրկված են բժշկական հաստատություններից, ջրի մաքուր պաշարից և հումանիտար մատակարարումներից։ Քլորի խիստ պակասը թույլ չի տալիս ախտահանել ջուրը, ինչի պատճառով առաջանում են տարբեր հիվանդություններ։ 

Իր հերթին պաղեստինյան WAFA գործակալությունը հայտնում է, որ Գազայի առողջապահական մարմինների տեղեկատվությամբ՝ իսրայելական հարձակման սկզբից տուժել է ավելի քան 133 000 պաղեստինցի՝ ներառյալ ինչպես զոհվածներն, այնպես էլ վիրավորները, որոնց մեծ մասը երեխաներ են և կանայք։ Բացի այդ, ավելի քան 10 000 մարդ մնում է անհետ կորած:

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 40 200-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում