Սփյուռք

«Ճանաչել, վստահել և գործակցել». Հրանուշ Հակոբյանը կոչ է արել աշխատել Սփյուռքի նախարարության այս սկզբունքով

3 րոպեի ընթերցում

«Ճանաչել, վստահել և գործակցել». Հրանուշ Հակոբյանը կոչ է արել աշխատել Սփյուռքի նախարարության այս սկզբունքով

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 1-ին հանդիպել է «Սփյուռք» ամառային դպրոցի «Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացի նպատակն է աջակցել Սփյուռքի համայնքային կառույցների կայացմանը, հայապահպանական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, համայնքներում ինքնակառավարման նոր գործընթացների ներդրմանը, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի տեղայնացմանը և համայնքային գործի կազմակերպիչների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը:

Ծրագրին մասնակցում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Էստոնիայի, Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի հայ համայնքի ղեկավարներ և գործուն անդամներ:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է համայնքային գործի ճիշտ և նպատակային կազմակերպումը՝ որպես ազգային ինքնության պահպանման և զարգացման առանցքային գործոն և կոչ արել աշխատանքները կազմակերպել նախարարության որդեգրած «ճանաչել, վստահել և գործակցել» սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի ընդլայնել հայրենակիցների հետ տարվող աշխատանքների շրջանակները:

«Մեր աշխատանքների նպատակակետը, առանցքը հայապահպանությունն է», - նշել է նախարարը՝ ավելացնելով, որ այս հարցում առաջին սկզբունքը հայերեն խոսելն է և ազգային մշակույթին ու ավանդույթներին կապված լինելը: Նախարարը կարևորել է համայնքային գործի կազմակերպիչների անձնական օրինակը, ինչը մեծապես կնպաստի նրանց հանդեպ հավատի և վստահության ամրապնդմանը, հետևաբար և գործի հաջողությանը:

Այնուհետև դասընթացի մասնակիցները ներկայացրել են իրենց համայնքային կառույցների, մշակութային և կրթական կազմակերպությունների, ակնառու ձեռնարկների մասին մանրամասն տեղեկություններ` խոսելով նաև առկա խնդիրների և դժվարությունների մասին:

Մասնակիցները նաև իրենց տպավորություններն են հայտնել դասընթացի վերաբերյալ՝ անելով նաև մի շարք գործնական առաջարկներ, որոնք հիմնականում վերաբերում էին կառավարչական հմտությունների կատարելագործմանը նպաստող դասախոսությունների ընդլայնմանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը մանրակրկիտ անդրադառնալով մասնակիցներից յուրաքանչյուրի հաղորդումներին և ցանկություններին՝ հավաստիացրել է, որ դրանք առաջիկայում լուծումներ կստանան:

Համայնքային աշխատանքներն ավելի նպատակային կազմակերպելու համար նախարարն արել է նաև մի շարք գործնական առաջարկներ` մասնավորապես հորդորելով, որ պահպանեն և զարգացնեն իրենց ծանոթությունը, անընդմեջ կապի մեջ լինեն և լավագույն փորձը հաղորդեն միմյանց: Նա նաև խոսել է ներկայումս հայությանը խորապես մտահոգող սիրիահայության վտանգված ճակատագրի մասին և առաջարկեց համայնքներում քննարկել սիրիահայությանը որևէ կերպ աջակցելու հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում