ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ մրցանակներ, շնորհավորական խոսքեր, ֆիլմերի ժողովածուի շնորհանդես. երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվեց ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանին նվիրված հարգանքի տուրք-երեկո: Իրադարձությանը մասնակցեցին անվանի ռեժիսորի ընկերները, բարեկամներն ու գործընկերները:
«Չգիտեմ, երբ եմ մեծամիտ դարձել, սկսել եմ ֆիլմերի հավաքածու տպել: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իրականացրին այս ծրագիրը: Շնորհակալ եմ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որին շատ եմ անհանգստացնում իմ մտքերով, փառատոններով, բայց նա բարությամբ տանում է դա: Ուզում եմ առաջին օրինակը նվիրել նրան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարություն Խաչատրյանը՝ հավաքածուն նվիրելով մշակույթի նախարարին:
60-րդ հոբելյանն այս տարի նշող Խաչատրյանի խոսքով՝ մարդիկ միշտ չէ, որ նման ֆիլմեր դիտելու ցանկություն ունեն, բայց այդպիսի ֆիլմերն են մտածելու և անհնագստանալու առիթ տալիս:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը Հարություն Խաչատրյանին պարգևատրեց նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
«Մի քանի շաբաթ առաջ «Ոսկե ծիրան»-ի հետ կապված զրուցում էինք, ասացիք, որ տաղանդավոր արվեստագետները չեն մեծամտանում, կարող են փոքրանալ կամ միայնակ մնալ: Այս խոսքերը լավագույնս բնութագրում են Հարություն Խաչատրյանին: Իր ներդրումների առումով Խաչատրյանը երբեք չի մեծամտացել, իսկ ինչ վերաբերում է փոքրանալուն կամ միայնակ մնալուն, հանրությունը երբեք դա ձեզ թույլ չի տա: Մշակույթի նախարարության անունից շնորհավորում եմ հոբելյանի առթիվ»,-նշեց Արթուր Պողոսյանը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցն էլ միության կողմից Խաչատրյանին հանձնեց «Թագուհի Նվարդ» արձանիկը:
«Անկախության տարիների ընթացքում մեր ամենամեծ վերելքը «Ոսկե ծիրանն» է: Շնորհակալություն, որ Հարություն Խաչատրյանը կա, և հույս ունեմ, որ 10 տարի հետո կշնորհավորեմ նրա 70-ամյակը»,-շեշտեց Գևորգյանցը: Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանն էլ Խաչատրյանին պարգևատրեց «Անահիտ» պատվո մրցանակով:
Հարություն Խաչատրյանն իր ֆիլմերի հավաքածուն նվիրեց նաև «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր, դերասանուհի Նաստասյա Կինսկիին, ով շնորհավորեց Հարություն Խաչատրյանին ծննդյան առթիվ:
«Ես շատ զգացված եմ, ինձ համար մեծ պատիվ է և անհամբեր սպասում եմ, որ դիտեմ Ձեր ֆիլմերը: Հուսով եմ՝ իմ նկարահանած ֆիլմերը Ձեզ ցույց կտամ»,-նշեց Կինսկին:
Իրադարձության ընթացքում Խաչատրյանին հանձնվեցին նաև այլ մրցանակներ, հնչեցին բազմաթիվ ջերմ բարեմաղթանքներ:
«Անվերջ վերադարձ» խորագրով հավաքածուն ներառում է ռեժիսորի «Սպիտակ քաղաք», «Կոնդ», «Քամին ունայնության», «Վավերագրողը», «Սահման», «Պոետի վերադարձը», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարան» կինոնկարները:
Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Ախալքալաքում: 1981-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը (Յուրի Երզնկյանի արվեստանոց): Որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր՝ աշխատել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, այնուհետև` «ՀայՖիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող ռեժիսոր: 2004-ից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրենն է: Բազմաթիվ փառատոնային մրցանակների դափնեկիր է: Նրա «Վավերագրողը» ֆիլմն արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, «Սահմանը»` ՀՀ նախագահի մրցանակին, իսկ 2012-ին «Հայակ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: 2006-ին Հարություն Խաչատրյանն ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ, 2007-ին արժանացել է Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ), 2008-ին դարձել է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցման նախարարության գրականության և արվեստի շքանշանի ասպետ: