Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի Հայ Առաքելական մայր եկեղեցի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մարսելի Հայ Առաքելական մայր եկեղեցի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, եկեղեցու հոգևոր հովիվ Արամ քահանա Ղազարյանը քաղաքապետին է ներկայացրել տաճարի կառուցման պատմությունն ու գաղթօջախում հայապահպանման ուղղությամբ տարվող ներկայիս գործունեությունը: Առանձնակի կարևորելով ազգային մշակույթի և ավանդույթների պահպանումն ու սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արամ քահանա Ղազարյանին՝ Մարսելի հայ համայնքի համախմբման գործում ցուցաբերած հետևողականության համար:

Հայերեն English Русский