Մոր և մանկան առողջության թեմայով սեմինարը Երևանում միավորել է ԱՀԿ անդամ 7 երկրների մասնագետների

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոր և մանկան, դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարության պլանավորում և արժեքների գնահատում» թեմայով միջերկրային սեմինարը միավորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի յոթ անդամ երկրի 45 մասնակիցների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշել է, որ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող քննարկումները, մասնավորապես ծախսարդյունավետությանը վերաբերող խնդիրները` խիստ արդիական են: «Հաշվի առնելով, որ այս ուղղությունը պահանջում է մշտական մեծ ծախսեր` մենք, անշուշտ, մեծ տեղ ենք տալիս նման քննարկումներին»,- ասել է Արմեն Մուրադյանը` շնորհակալություն հայտնելով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակին՝ այս միջոցառումը կազմակերպելու համար:

Նա սեմինարի մասնակիցներին մաղթել է արգասաբեր և արդյունավետ աշխատանք` հանուն երեխաների, հանուն մոր և մանկան առողջության:

Սեմինարին մասնակցելու համար Հայաստան ժամանած մասնագետները նշել են, որ մոր և մանկան, դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարության պլանավորման և արժեքների գնահատման հիմքերից են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության դրույթները:

Ներկայացվել են այս քաղաքականության ղեկավարող սկզբունքներն ու առավելությունները: Ընդգծվել է բնակչության առողջության բարելավմանն ուղղված այս ծրագրի` ըստ յուրաքանչյուր երկրի բնակչության առանձնահատկության տեղայնացման, մշակման և ներդրման անհրաժեշտությունը:

ՀՀ առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանն իր զեկույցում ներկայացրել է մոր և մանկան ոլորտում Հայաստանում գրանցված հիմնական հաջողություններն ու խնդիրները: Նա նշել է, որ 2008թ. հետո ծննդօգնության և երեխայիառողջության պետական հավաստագրերի ներդրման շնորհիվ վերջին հինգ-վեց տարում մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում էականորեն բարելավվել է բուժօգնության որակը, նվազել են մայրական և մանկական մահացության հիմնական ցուցանիշները:

Բարեփոխումները նպաստել են նաև բուժաշխատողների աշխատավարձերի ավելացմանը, դեղերով ապահովվածությանը: Աշխատանքներ են տարվել նաև մարզերում մանակական վերակենդանացման ծառայության բարելավման ուղղությամբ:

Նունե Փաշայանն անդրադարձել է նաև նորածնային սկրինինգների արդյունավետությանը, միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ առողջապահության նախարարության սերտ համագործակցությանը:

Մասնագետի խոսքով` շարունակում են օրակարգային մնալ մանկաբույժների վերապատրաստման, բուժօգնության որակի բարելավման, հավելյալ ֆինանսավորման հարցերը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ այս հանդիպման հիմնական նպատակը ծրագրավորման մի նոր գործիքին ծանոթացնելն է։ Դա հնարավորություն է տալիս գործող ծրագրերի ծախսերի կանխատեսումներ անել և ռազմավարական գնահատականներ տալ։ «Այն մշակել են ԱՄՆ-ի փորձագետները, ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Մանրամասն կքննարկվեն ծրագրային այս մոտեցման հնարավորությունները և կիրառման ուղիները։ Դրանք նախատեսված են առողջապահական ամբողջ համակարգի, այդ թվում` հանրային առողջապահական խնդիրների լուծման համար»,- ասել է փոխնախարարը` հավելելով, որ մոր և մանկան առողջության պահպանման խնդիրներն ամբողջ աշխարհում առաջնահերթություն են, ուստի գործիքի կիրառումն առաջին հերթին արդիական է այս ոլորտում։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարԱրմեն Մուրադյանը նշել է, որ առողջապահության տարեկան բյուջեի շուրջ 35-40 տոկոսն ուղղվում է մոր և մանկան ոլորտին: Նա ընդգծել է, որ ծախսարդյունավետության մասին խոսելիս առաջնահերթությունը տրվում է արդյունքներին: Նախարարը կարևորել է մանկական ծրագրերի հզորացումը, չափորոշիչների մշակումը, ինչպես նաև ֆինանսավորմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Հայերեն English

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ