Մշակույթ

Համասյանին վշտացրել է Կարսում իր հանդեպ ազգայնականների տրամադրվածությունը

3 րոպեի ընթերցում

Համասյանին վշտացրել է Կարսում իր հանդեպ ազգայնականների տրամադրվածությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հայ ջազ-երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը մեծ հիասթափություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ պատմական հայկական Անի և Կարս քաղաքներում «Լոյս ի լուսոյ» համերգաշարից հետո իր հասցեին հնչեցվել են ռասիստական և ծայրահեղական արտահայտություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Համասյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:

«Շատ ցավալի է սպառնալիքների ենթարկվել Կարսում՝ մի տարածաշրջանում, որտեղից գալիս են իմ բոլոր նախնիները: Այն ամենը, ինչ մենք արել ենք, հայկական սուրբ շարականներն ու աղթոքները նվագելն ու երգելն էր: Ես ասում եմ ՈՉ ամեն տեսակ ծայրահեղականությանը: Ատելությունը չէր պատճառը, որ մեզ բերեց Կարս՝ կատարելու սուրբ երգերը… Դա արվել էր մարդկանց հիշեցնելու համար, որ ատելությունը չէ այն ճանապարհը, որը դարձնում է ազատ և խաղաղ ինքն իր հետ, ինչպես նաև հիշեցնելու, որ բոլոր նրանք, ովքեր օգտագործում են հավատը քաղաքական նպատակներով, սովորաբար ատելություն են սերմանում մարդկանց միջև»,- նշել է Համասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ներկա էին գտնվել ու աջակցել էին Անիում և Կարսում համերգների ժամանակ:

Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի նախագահ Թոլգա Ադըգյուզելը սադրիչ հայտարարություն էր արել՝ կապված պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում հայ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի համերգի հետ: Ադըգյուզելը մեղադրել էր բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի ներսում աջակցել են և նպաստել հայ երաժշտի համերգի կայացմանը՝ սպառնալով, որ Կարսում դուրս կգան «հայերի որսի»:

Թուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել էր, որ դատական հայց կներկայացնի Կարսում «հայերի որս սկսելու» սպառնալիք հնչեցրած թուրք ազգայնականի դեմ:«Անպատիժ մնացած ցանկացած ատելություն պարունակող խոսք դրա կողմից թիրախավորված մարդկանց գցում է «աղավնու անհանգստության մեջ» և հող նախապատրաստում ատելության վրա հիմնված հանցագործությունների համար»,- ասել է հայ պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում