Մշակույթ

Ռուբեն Բաբայանը վստահ է տիկնիկային թատրոնի ապագայի հարցում

7 րոպեի ընթերցում

Ռուբեն Բաբայանը վստահ է տիկնիկային թատրոնի ապագայի հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը վստահ է՝ թատրոնի ամենակարևոր խնդիրը ժամանակակից լինելն է: 80 տարվա պատմություն ունեցող թատրոնը քայլում է ժամանակին համընթաց, փորձում մշտապես համապատասխանել ժամանակի պահանջներին: «Արմենպրես»-ը տիկնիկային թատրոնի հոբելյանի և այլ հետաքրքիր հարցերի մասին զրուցել է Ռուբեն Բաբայանի հետ:

Հոբելյանական տարի, հոբելյանական միջոցառում

Մենք, իհարկե, կտոնենք թատրոնի հոբելյանը: Դա, երևի, կլինի նոյեմբերի երկրորդ կեսին: Կփորձենք, որ հոբելյանը լինի ավելի կենդանի, ավելի ուրախ: Չնայած տիկնիկային թատրոնն արդեն 80 տարեկան է, մենք փորձում ենք, որ այն մշտապես համապատասխանի այսօրվա ժամանակի պահանջներին: Ես դեռ հստակ չգիտեմ, թե ինչպես ենք տոնելու, բայց լինելու է յուրահատուկ ֆորմատով հանդիսություն, չեն լինելու երկար ճառեր: Կփորձենք ամփոփել թատրոնի 80 տարվա պատմությունը: Բոլոր դեպքերում թատրոնը հազվագյուտ մշակութային օջախներից է, որն իր ստեղծման օրվանից ոչ մի օր չի դադարեցրել աշխատանքը, նույնիսկ պատերազմական տարիներին: Արցախյան պատերազմի ժամանակ թատրոնը և ոչ մի օր չփակեց իր դռները և շարունակում էր կատարել իր աշխատանքը: Թատրոնը եղել է իր ժողովրդի հետ բոլոր ժամանակներում, կրել է նույն տառապանքները, նույն ուրախություններով է ապրել: Ես հիշում եմ, երբ 1988 թվականին հանրահավաքներ էին անցկացվում, հանրահավաքի գնացողները երեխաներին մեր թատրոնում էին թողնում :

Տիկնիկային թատրոնը՝ մշակութային կենտրոն

Թատրոնը ոչ միայն մեկնում է արտասահման՝ մասնակցելու տարբեր հեղինակավոր փառատոնների, այլև իր պարտքն է համարում հանդես գալ Հայաստանի մարզերում, սահմանամերձ գոտում, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, երեխա զգա, որ այս թատրոնը նաև իրենն է: Մենք փորձում ենք տիկնիկային թատրոնը դարձնել որոշակի մշակութային կենտրոն Երևանում: Թատրոնում բեմադրվում են ոչ միայն երեխաների, այլև մեծերի համար ներկայացումներ, ոչ միայն տիկնիկային, այլև դրամատիկ, բալետային, մնջախաղային բեմադրություններ, թատրոնում հաճախ անցկացվում են տարբեր միջազգային կինոփառատոններ: Թատրոնը մեծ տեղ է տալիս երիտասարդների հետ աշխատանքին, հնարավորություն է տալիս երիտասարդներին դրսևորել իրենց. միշտ չէ, որ այդ փորձերը հաջող ավարտ են ունենում, բայց երիտասարդները և՛ փորձելու, և՛ սխալվելու հնարավորություն պետք է ունենան: Հակառակ դեպքում ոչինչ չի ծնվի:

Արվեստի ասպարեզում կարևոր է մեկենասությունը

Գլոբալ առումով թատրոնն ունի այն խնդիրները, որ բոլոր թատրոնները: Թատրոնում տարանջատված չեն ստեղծագործական և սպասարկման անձնակազմերը: Խնդիրներ են ծագում աշխատանքային օրենսգրքի, նաև արհմիությունների հետ, որոնք ձևական բնույթ են կրում: Բազմաթիվ օրենքներ, որոնց շրջանակում գործում է թատրոնը՝և՛ հարկային, և՛ պետական գնումների վերաբերյալ, հաշվի չեն առնում թատրոնի յուրահատկությունը: Կարծում եմ, արվեստի ասպարեզում կարևոր է մեկենասությունը և հովանավորչությունը:

Աշխատավարձը չի կարող ապահովել այսօրվա երիտասարդին

Թատրոնում երկու կազմ ունենք՝ հաստիքով և պայմանագրային դերասաններ: Հաստիքով 16 դերասան կա, 25 հոգի պայմանագրային են: Մեզ մոտ երեք սերունդն էլ ներկայացված են, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր թատրոնի համար: Մեծերը փորձ են փոխանցում երիտասարդներին, երիտասարդներն՝ իրենց ոգևորվածությունը, պրպտումները:

...Ցավոք, այն աշխատավարձը, որն առաջարկում է թատրոնը, չի կարող ապահովել այսօրվա երիտասարդի, ավելի ճիշտ՝ երիտասարդ տղամարդու հնարավորությունը ստեղծել ընտանիք, ունենալ նորմալ պայմաններ, բնակարան. սա էլ է մտածելու առիթ: Տոմսերի գները բարձրացնելով էլ որևէ երկրում հարց չի լուծվում:

Բաբայանը 1998 թվականից մինչ օրս ղեկավարում է տիկնիկային թատրոնը…

Ես չեմ կարող ասել, որ այն դարձել է իմ երազած թատրոնը: Բայց ինչ-որ տեղ իրկանացել է այն, ինչի մասին ես երազում էի: Ինձ համար կարևոր էր, որ այս թատրոնում իր տեղը գտնեն բոլոր տաղանդավոր մարդիկ՝ անկախ նրանից, ինչ ներկայացում կբեմադրեն: Տեղի է ունեցել մի շատ կարևոր բան. թատրոնում աշխատում են իմ բազմաթիվ աշակերտները: Նրանք չեն կրկնում միմյանց, ամեն մեկն իր ճանապարհով է գնում: Ես այսօր վստահ եմ թատրոնի ապագայի համար, որովհետև կան հրաշալի երիտասարդ ուժեր, որոնք հանգիստ կտանեն թատրոնը դեպի նոր ճանապարհներ:

Չասեմ, որ թատրոնը լայն ճանաչում ստացավ միջազգային ասպարեզում. 50-ից ավելի փառատոնների մասնակցեցինք այս տարիների ընթացքում՝ Թայլանդից, Հնդկաստանից մինչև Միացյալ Նահանգներ: Դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ թատրոնը երիտասարդ է այսօր, ոչ միայն իր կազմով, այլև իր շնչով: Նա փորձում է ապրել այսօրվա Հայաստանի շնչով: Թատրոնը պահանջված է, թատրոնը տարբեր է, այստեղ միայն իմ ձեռագիրը չէ: Սա ինձ համար մեծագույն ուրախություն է:

Հիմա դժվար է պատկերացնել որևէ փառատոն, մշակութային միջոցառում, որտեղ տիկնիկայինը ներկայացված չլինի, և դա շատ լավ է:

Մասնակցություն տարբեր փառատոնների

Այս տարի 4 անգամ մասնակցել ենք տարբեր միջազգային փառատոնների Իրանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, առաջիկայում կա ևս երեք փառատոն՝ մեկը Լիտվայում, երկուսը Ռուսաստանում: Հրավերներ էլի կան, բայց հստակ չեն:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին: Սերգեյ Օբրազցովի դպրոց-ստուդիայի շրջանավարտ Հասմիկ Գյոզալյանի գլխավորած թատերախմբի ջանքերի շնորհիվ՝ 1935թ. հունիսի 5-ին թատրոնը ներկայացրեց հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա բեմադրված իր առաջին՝ «Շունն ու կատուն» ներկայացումը:Սայաթ-Նովայի 4 հասցեում թատրոնը գտնվում է 1975-ից: Թատրոնին կից գործում է հիմնադիր Պ.Բորոյանի անունը կրող, Հայաստանում միակ՝ թատերական տիկնիկի թանգարանը:

Ռոզա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում