Հայոց ցեղասպանություն

Լեհաստանի Պրուշկով բացվել է Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի Պրուշկով բացվել է Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես

ՊՐՈՒՇԿՈՎ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Լեհաստանի հայկական հիմնադրամի, «Դուլագ»-ի թանգարանի նախաձեռնությամբ և Լեհաստանում Հայաստանի դեսպանության պատվո հովանու ներքո՝ Վարշավայի արվարձանում գտնվող Պրուշկով քաղաքի «Դուլագ»-ի թանգարանում կայացել է «Հայկական օր» խորագրով միջոցառումը:Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, «Դուլագ»-ի թանգարանի տնօրենը, Պրուշկովի քաղաքային իշխանությունների պատասխանատուներ, լեհ-հայկական առևտրական պալատի անդամ, Հայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Մարթա Ակցենտովիչ-Բոհոսևիչը, լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, լեհ մտավորականներ և լրագրողներ:

Միջոցառման ընթացքում «1915թ. հայերի ցեղասպանությունը» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել օրվա բանախոս, պրոֆեսոր Քշիշտով Յաբլոնկին: Նա մանրամասնությամբ ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը և պատասխանել մասնակիցներին հուզող հարցերին: Այնուհետև տեղի է ունեցել «The BlueBook: Evidence of Armenian Genocide» («Կապույտ գիրք. ապացույց Հայոց ցեղասպանության») բրիտանական «Ballista» ֆիլմարտադրության նկարահանած վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառման շրջանակներում բացվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերի հիման վրա պատրաստված «Հայոց ցեղասպանություն՝ 20-րդ դարի մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» խորագրով ցուցահանդեսը, որը մեկ ամիս շարունակ բաց կլինի «Դուլագ»-ի թանգարանի այցելուների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում