Սփյուռք

Թբիլիսին կլցվի հայկական տոլմայի բույրով

3 րոպեի ընթերցում

Թբիլիսին կլցվի հայկական տոլմայի բույրով

ԹԲԻԼԻՍԻ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավլաբարում նախապատրաստական վերջին աշխատանքներն են կատարվում, որպեսզի կիրակի առավոտյան մեկնարկի Տոլմայի ավանդական երրորդ փառատոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը շեշտում է, որ սա միջոցառում է, որ համախմբում վիրահայերին եւ ներկայացնում հայկական խոհանոցն ու հայկական մշակույթը:

«Արդեն երրորդ տարին է վիրահայերի նախաձեռնությամբ կազմակերպվում է Տոլմայի փառատոնը՝ նպատակ ունենալով վրացի ժողովրդին ներկայացնելու հայկական ամենավանդական ուտելիքը՝ տոլման»,- ասաց Սուսաննա Խաչատրյանը՝ հավելելով, որ համայնքն ամեն տարի ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվում փառատոնին:

Այս տարի ներկայացված կլինի մի քանի տասնյակ սեղան, յուրաքանչյուր սեղան կներկայացնի չորսից հինգ տեսակի տոլմա, տարբեր բաղադրիչներով եւ համերով: «Սա նպատակ ունի պրոպագանդել ազգային խոհանոցը, ազգային մշակույթը: Հենց այդ պատճառով, բայց ճաշատեսակի ցուցադրությունից կլինի նաեւ ազգային երաժշտություն, պար ու կատարումներ»,- ասաց Սուսաննա Խաչատրյանը՝ հավելելով, որ այս տարի փառատոնին հրավիրված են նաեւ վրաց քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ:

Ըստ Խաչատրյանի, այս փառատոնը միշտ գտնվում է վրացական մամուլի ուշադրության կենտրոնում եւ միշտ արժանանում բարձր գնահատանքի:

Արդեն երեք տարի է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ Թբիլիսիի Սուրբ էջմիածին եկեղեցու բակում տեղի է ունենում Տոլմայի փառատոն: Այս տարվա միջոցառման նախաձեռնողը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունն է` Վիրահայոց թեմի առաջնորդարանի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

Տոլման ավանդական հայկական ուտելիք է, որ համարվում է ազգային ուտեստ: Գոյություն ունի տոլմայի պատրաստման մի քանի տասնյակ եղանակ: Այն պատրաստում են մսով, բրնձով, կարտոֆիլով, ոսպով, բրնձով կանաչիով եւ այլն: Արդեն մի քանի տարի Հայաստանում նույնպես անցկացվում է Տոլմայի ավանդական փառատոնը: Յուրաքանչյուր տարի փառատոնի մասնակիցների թիվն ավելանում է, փառատոնին մասնակցելու համար Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ նույնպես:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում