Երաժշտություն

Արցախում մեկնարկում է «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

Արցախում մեկնարկում է «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հունիսի 28-ից հուլիսի 5-ը 4-րդ անգամ կկազմակերպվի դասական երաժշտության «Տնջրե» միջազգային փառատոնը, որին կմասնակցեն պատանի կատարողներ աշխարհի 11 երկրներից` Իտալիայից, Սլովենիայից, Բոսնիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Լիտվայից, Սինգապուրից, Նիդերլանդներից, Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, փառատոնի շրջանակներում մասնակիցները հանդես կգան անհատական կատարումներով, անսամբլներում և նվագախմբի հետ: Փառատոնային համերգները կկազմակերպվեն Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Բերձոր, Ճարտար քաղաքներում:

Փառատոնի օրերին Ֆինլանդիայից ու Նիդերլանդներից հրավիրված ճանաչված մանկավարժները կանցկացնեն դաշնամուրի, ջութակի և կլառնետի վարպետության դասեր:

«Տնջրե» փառատոնի նպատակն է խթանել Արցախում դասական երաժշտարվեստի զարգացումը, արցախցի երիտասարդ երաժիշտներին հաղորդակից դարձնել համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին, նպաստել տարբեր երկրների երաժիշտների հետ մշակութային կապերի հաստատմանը:

«Տնջրե» փառատոնի խորհրդանիշը Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում գտնվող պատմական սոսի (ղարաբաղի բարբառով՝ տնջրե) 2000-ամյա ծառն է:

«Տնջրե» փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2010-ին, այնուհետև՝ 2011, 2013թթ.: Փառատոնի կազմակերպիչն է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում