Արգենտինահայերը Երախտագիտության պատարագ են մատուցել ի պատիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապի
2 րոպեի ընթերցում

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի Մայր տաճարում արգենտինահայերի նախաձեռնությամբ կայացել է երախտագիտության մեծ միջոցառում՝ ի պատիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Prensa Centro Armenio»-ն, այս միջոցառումամբ արգենտինահայերը երախտիքի տուրք են մատուցել կաթոլիկների հոգեւոր առաջնորդին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում նրա վճռորոշ աջակցության համար: Հոգեւոր արարողությունն անցկացրել են արգենտինահայ համայնքի կրոնական առաջնորդները՝ Արգենտինայի հոգեւոր առաջնորդ եւ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, կարդինալ Մարիո Պոլիի գլխավորությամբ: Երախտագիտության պատարագին ներկայացվել են հատվածներ Հռոմի Պապի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում հնչեցրած խոսքերից:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային ոգեկոչման շրջանակում` ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ էր մատուցել` ի հիշատակ զոհերի, եւ հայ ժողովրդի տառապանքները բնութագրել որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Թաքցնել կամ ժխտել չարը` նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի առանց բուժման»,- հայտարարել էր Ֆրանցիսկոս ապը: Պատարագից հետո արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները նրան նամակ էին ուղղել եւ շնորհակալություն հայտնել, որ նա իր ձայնն է բարձրացրել ի աջակցություն փոքր, սակայն արժեքավոր ժողովրդի: