Սփյուռք

«Արի տուն»-ն այս անգամ հայրենիք է բերել 104 հայորդու 7 երկրներից

5 րոպեի ընթերցում

«Արի տուն»-ն այս անգամ հայրենիք է բերել 104 հայորդու 7 երկրներից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արի տուն» ծրագրի շրջանակներում 104 հայորդի հյուրընկալվեց հայրենիքում: Ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների համար ևս հունիսի 19-ին անցկացվեց ավանդական դարձած միջոցառումը` երգ ու պարով, ասմունքով, խորհրդանշական դարձած շապիկ հագցնելու արարողությամբ: Աշխարհի 7 երկրներից Հայաստան ժամանած պատանիներին ու աղջիկներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ով նախարարի անունից նրանց մաղթեց անմոռանալի օրեր հայրենիքում: «Ձեր յուրաքանչյուր օրը լեցուն է լինելու, բայց նաև ձեզնից է կախված, թե ինչ կքաղեք այդ օրերից: Իհարկե, 14 օրը շատ քիչ է Հայաստանը ճանաչելու համար, դրա համար էլ մեր շատ մասնակիցներ կրկին ցանկանում են դառնալ «Արի տուն» ծրագրի մասնակից, ինչն էլ խոսում է դրա գրանցած հաջողության մասին: Մենք կարող ենք իրավամբ ասել, որ այս ծրագիրը համահայկական է, քանի որ աշխարհի բոլոր կետերից գալիս են մեզ մոտ ու հյուրընկալ ընտանիքները` Երևանում և մայրաքաղաքից դուրս, սպասում են մասնակիցներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ֆիրդուս Զաքարյանը: Նրա տեղեկացմամբ` այս փուլի շրջանակներում ամենաշատը հյուրընկալվել են Վրաստանից և Ռուսաստանից:

«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին մասնակցում է 104 երիտասարդ աշխարհի 7 երկրներից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Լիտվայից, Սիրիայից և ԱՄՆ-ից, ինչպես նաև Հայաստան տեղափոխված 13 սիրիահայ պատանիներ ու աղջիկներ:

Միջոցառման մշակութային հատվածում ասմունքով հանդես եկավ Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը, իսկ Երևանի մանկապատանեական ստեղծագործության կենտրոնի «Կռունկ» պարային համույթը «Արի տան» մասնակիցներին պարային կատարում նվիրեց: «Արի տուն» ծրագրի շապիկն ու գլխարկը հագցնելու խորհրդանշական արարողության հերոսը դարձավ 13-ամյա սիրիահայ պատանի Հովիկ Գյուլտարյանը:

Վրաստանից հյուրընկալված Տանիա Դուրգարյանն առաջին անգամ է Հայաստան այցելել, տպավորությունները շատ լավն են: Նրա խոսքով` արդեն ընկերներ է ձեռք բերել ու ցանկանում է տեսնել Հայաստանի բոլոր գեղատեսիլ վայրերը:

Ժենի Բոսնոյանը, ով ընտանիքի հետ մի քանի օր առաջ է Սիրիայից Հայաստան տեղափոխվել, դեռ վաղուց էր ցանկանում մասնակցել «Արի տուն» ծրագրին, բայց չէր կարողանում Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով: «Մի շաբաթ է, ինչ Սիրիայից ժամանել ենք Հայաստան, որոշեցինք մասնակցել «Արի տուն» ծրագրին` Հայաստանին ավելի լավ ծանոթանալու նպատակով: Սա իմ չորրորդ այցն է, միշտ ընտանիքով ենք եկել, բայց այս անգամ ընկերների միջավայրում պիտի ծանոթանամ Հայաստանին»,-ասաց աղջնակը:

Նրա խոսքով` որոշեցին տեղափոխվել Հայաստան, քանի որ իրավիճակը Հալեպում լավ չէր: «4 տարի էր` հույս ունեինք, որ պետք է լավանար վիճակը, բայց վերջում հուսահատվեցինք արդեն, մեր ապագայի համար Հայաստանն ավելի լավ է»,-ասաց Ժենին` հավելելով, որ այստեղ արդեն հասցրել է տեսնել ընկերներին, ում երեք տարի էր` չէր տեսել:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում մասնակիցները կլինեն հայաստանյան մի շարք թանգարաններում, Օշականում, Սարդարապատում, Էջմիածնում, Զվարթնոցում, Գառնիում, Գեղարդում, Խոր Վիրապում, Նորավանքում, կայցելեն Սևանա լիճ և այլն: Կլինեն Վիրտուալ համալսարանում, ուր կծանոթանան հայերեն սովորերու վիրտուալ ձևաչափին: Բացի այդ` վերջին 4 օրերը երեխաները կանցկացնեն Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում, որտեղ կհանդիպեն նաև քաղաքական, մշակույթի գործիչների:

«Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: Մեկնարկման տարում Հայաստան է այցելել 14 երկրից 14-25 տարեկան 317 մասնակից: Տարիների ընթացքում «Արի տան» մասնակիցների թիվն ավելացել է և արդեն 2014-ին «Արի տուն» ծրագրի մասնակից դարձավ 1071 սփյուռքահայ և 200 երեխա հայաստանյան ընտանիքներից: Այս տարի` 2015-ին, նախատեսված է հյուրընկալել մինչև 1100 սփյուռքահայի:

Նախորդ տարի ծրագրին մասնակցել է Թուրքիայի Դիարբեքիր շրջանից 50 հոգանոց խումբ, այս տարի ակնկալվում է հյուրընկալել դերսիմահայերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում