4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան դաշտի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում սեպտեմբերիցկմեկնարկի դեգրադացված հողերի վերականգնման ծրագիրը: Վեց տարվա ընթացքում նախատեսվում է 1,5 հազար հա համայնքային սեփականություն հանդիսացող դեգրադացված հողերին տալ նոր կյանք՝ այսպիսով պայքարելով հողերի անապատացման վտանգի դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հողերի կայուն կառավարումն արտադրողականության բարձրացման համար» ծրագրի պատասխանատու Արմեն Դանիելյանը:
Անապատացումը երկրագնդի չորային ու կիսաչորային շրջաններում հողերի դեգրադացումն է՝ պայմանավորված բնական ու մարդածին գործոններով և գործընթացներով: Հայաստանի կարևորագույն բնապահպանական խնդիրներից մեկն է հողի էրոզիան: Հանրապետության հողային տարածության շուրջ 75 տոկոսը, իսկ լեռնային վարելահողերի ավելի քան 50-60 տոկոսը ենթարկվում են ջրային հոսանքների քայքայիչ ազդեցությանը: Արդյունքում կարող ենք ասել, որ Հայաստանի հողային ծածկույթի մոտ 44 տոկոսը ենթարկվում է էրոզիայի: Իսկ վերջին 20 տարիների ընթացքում հանրապետության օգտագործելի հողատարածությունները կրճատվել են 21,8 տոկոսով:
«Նշված մարզերում մենք պետք է ընտրենք նախկինում գյուղատնտեսական հող հանդիսացող, սակայն գերարածության կամ աղակալման արդյունքում իր բերրիությունը կորցրած հողեր: Աղակալված հողերը հիմնականում գտնվում են Արարատյան դաշտում՝ հատկապես Վեդիի շրջակայքում: Տարածքների աղակալման պատճառներից է օրինակ՝ Փոքր Վեդիում ԽՍՀՄ-ի տարիներին գործող դրենաժային համակարգի ոչնչացման արդյունքում ստեղծված ճահճային տարածքները, որոնց վրա առավել մեծ քայքայիչ ազդեցություն է ունեցել կլիմայի փոփոխությունը: Իսկ գերարածեցման արդյունքում հողի վնասվածությունը առավել շատ է հանդիպում Սյունիքի մարզում», - տեղեկացրեց Արմեն Դանիելյանը:
Ծրագրի պատասխանատուն մանրամասնեց, որ համայնքներին պատկանող դեգրադացված հողերում վերականգնողական աշխատանքները ենթադրում են դրենաժային և ոռոգման համակարգերի վերականգնում, կաթիլային ոռոգման համակարգի ստեղծում, հողի վրա բարենպաստ ազդեցություն ունեցող պտղատու ծառերի տնկում: Եվ ներկայում Հայաստանի պետական ագրարային համալսարանի հետ համատեղ մշակվում է տնկման ենթակա ծառերի ցանկը՝ ելնելով տվյալ հողատարածքի կարիքներից, քանի որ ծառատեսակներ կան, որոնք հրաշալի պայքարում են աղակալման դեմ, և կան ծառեր, ի դեմս ալոճի, որոնք հողից քաշում են մետաղի տարրերը:
«Ծառատունկից բացի, համայնքին ևս մեկ օգուտ տալու նպատակով ծրագրի շրջանակներում հավանաբար իրականացվի մեղվաբուծության զարգացում: Եթե համայնքի սեփականության տակ գտնվող նորատունկ ծառերի հարևանությամբ գտնվեն նաև համայնքին պատկանող փեթակներ, ապա համայնքը հետաքրքրված կլինի ամեն կերպ պահպանել այդ հողերը», - նշեց Արմեն Դանիելյանը:
Ծրագրի շրջանակներում տվյալ դեգրադացված հողատարածներում վերականգնողական աշխատանքներն իրենց ազդեցությունը կունենա նաև սեփականաշնորհված տարածքներում հողերի դեգրադացիայի դեմ պայքարի վրա, քանի որ տարածքում գործող նույն դրենաժային համակարգը իր դրական ազդեցությունը կթողնի շրջակա ողջ տարածքների վրա: Իսկ եթե վերականգնվող տարածքի համայնքում բացակայում է ոռոգման համակարգը, ապա այն նույնպես կվերականգնվի, ինչից կօգտվեն ոչ միայն համայնքային սեփականության տակ գտնվող տարածքները, այլ նաև տեղի գյուղացիները:
«Հողերի կայուն կառավարումը արտադրողականության բարձրացման համար» ծրագիրը Հայաստանում իրականացվում է Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցության շնորհիվ՝ Բնապահպանության նախարարության և կառավարության համատեղ աշխատանքի շնորհիվ: