Սփյուռք

Գլենդելի նախկին քաղաքապետն ակնկալում է հայերին ներգրավված տեսնել ԱՄՆ պետդեպում և Կոնգրեսում

11 րոպեի ընթերցում

Գլենդելի նախկին քաղաքապետն ակնկալում է հայերին ներգրավված տեսնել ԱՄՆ պետդեպում և Կոնգրեսում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում, մասնավորապես դրա արևմտյան ափին բնակվող հայերը քաղաքական առումով շատ ավելի գիտակից են այժմ, քան նախկինում, ինչն առավել քան երբևէ մեծացնում նրանց քաղաքական կշիռը երկրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԱՄՆ Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, ով այս օրերին հայրենիքում է: Գործակալությունում հյուրընկալված գործչի հետ զրույցն ընթացավ տարբեր ուղղություններով` չշրջանցելով հայապահպանության հարցը, գլենդելահայության ներկայիս խնդիրներն ու գրանցած հաջողությունները, սպորտի ոլորում ունեցած նվաճումները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցում ամերիկահայության անխոնջ պայքարն ու դրա դեմ թուրքական կողմի նախաձեռնությունները:

Հայերենը՝ սեփական ինքնության անբաժան մաս

Չնայած այն հանգամանքին, որ արդեն մոտ երեք տասնյակ տարի է, որ մեր զրուցակիցը բնակվում է Միացյալ Նահանգներում, այդուհանդերձ հայերենին տիրապետում է կատարելապես: «Ես սիրել եմ հայերենը, ընդ որում, շատ ուշ տարիքում եմ սկսել գիտակցել դրա կարևորությունը: Այժմ ես անգլերենին տիրապետում նույնքան լավ, որքան հայերենին, ռուսերենին կամ իսպաներենին: Շատերը տարօրինակ անբավարարվածության զգացում ունեն և կարծում են, որ եթե խոսեն անգլերեն, որևէ մեկին ինչ-որ բան կապացուցեն»,- ասաց Սինանյանը: Հայաստանի և հայկական ամենի նկատմամբ սերը և հավատարմությունը պահելու համար է, որ նա ամեն տարի այցելում է հայրենիք՝ իր հետ բերելով նաև կնոջն ու 4 զավակներին: «Ամեն ամառ, երբ գալիս եմ Հայաստան, երեխաներիս էլ եմ հետս բերում: Դա նրանց անգլախոսության դեմ իմ պայքարի ձևերից մեկն է»,- անկեղծացավ Գլենդելի նախկին քաղաքապետը՝ նշելով, որ թեպետ իր հայ կինը ծնվել է Միացյալ Նահանգներում, այդուհանդերձ նա ևս ջանք չի խնայում երեխաների մոտ սերն առ Հայաստան պահելու համար: «Կգա մի տարիք, երբ մենք նրանց այս հարցում արդեն ազատ կթողնենք՝ ասելով, որ մեզնից հասանելիքն արդեն արել ենք: Գիտեք, աղջիկս 9 տարեկան է, սակայն արդեն 8-րդ անգամ է Հայաստանում: Տղաս ևս կապված է այս երկրի հետ: Նրանք այստեղ ունեն արդեն իրենց սիրելի վայրերը, որտեղ այցելելու ծրագրեր են կազմում: Երևանում նրանց սպասում են զարմիկներն ու ընկերները»,- պատմում է Սինանյանը:

Գլենդելի հայերը՝ քաղաքական հզոր ուժ

Որպես արդեն փորձառու քաղաքական գործիչ՝ Սինանյանը վստահ է, որ Գլենդելում և առհասարակ ԱՄՆ արևելյան ափում բնակվող հայերին պետք է սկսել ընկալել որպես կարևոր քաղաքական ուժ: «Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված երթին 160 հազար մարդ մասնակցեց: Որպես քաղաքական գործիչ` մտածում եմ, որ պետք է այդ մարդկանց քաղաքականացնել, հնարավորինս շատ մարդու գրանցել, որպեսզի կարողանան քվեարկել, հնարավորինս շատերին քվեարկության օրը հանել ընտրելու՝ անկախ նրանից, թե ինչ ընտրություններ կլինեն՝ թաղային, քաղաքային, շրջանային թե նահանգային: ԱՄՆ-ն մի պետություն է, որտեղ քվեն իրոք ուժ է»,- վստահորեն նշում է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը՝ համոզմունք հայտնելով, որ եթե առաջիկա 2-3 տարվա ընթացքում Կալիֆորնիայում լինի քվեարկելու իրավունք ունեցող 100 հազար մարդ, ապա տեղի հայերին լրիվ այլ աչքով կնայեն: «Եթե տեղական մակարդակով կարողանանք այդ քվեներն ապահովել, ապա նոր որակական ուժ կներկայացնենք ԱՄՆ-ում: Եթե ունենանք այդ քվեները, ապա կունանք ֆինանսներ, իսկ եթե ունենանք ֆինանսներ, ապա կկարողանանք հարցեր լուծել», -ընդգծում է Սինանյանը` փաստելով, որ այդ հարցերը չեն բավարարվում միայն Ցեղասպանության խնդրով, այլ ավելի լայն շրջանակ են ընդգրկում՝ ներառելով ԼՂ հակամարտության, Հայաստանին տրամադրվելիք օգնության խնդիրները և այլն:

Թուրքիայի հետ հաշտեցումն անհնար է, առանց Ցեղասպանության ճանաչման և հատուցման

Սինանյանը պատմեց, որ ԱՄՆ-ի թուրքերը գործում են երկու մակարդակով՝ հաճախ հակասելով իրար: «Ներկայում նրանք բաժանված են երկու ճամբարի՝ մեկն ազգայնական թուրքական հոսանքն է, որն իր մեջ ներառում է Թուրքիայի ներկայիս իսլամամետ իշխանությունների կողմնակիցներին: Մյուսը ծայրահեղ իսլամական գյուլենիստական շարժման հետևորդներն են: Սրանք առանձին ճամբար են կազմել և աշխատում են շատ հաճախ հենց իրար դեմ: Խմբերից յուրաքանչյուրն ունի իր արդյունավետությունը»,- ասաց մեր զրուցակիցը՝ արձանագրելով, սակայն, որ երբ խոսքը գնում է Թուրքիային առնչվող հարցերին, նրանք միացյալ են և գործում են հայերի դեմ:

Նա ուշադրություն հրավիրեց մի հետաքրքիր օրինաչափության վրա. ամեն անգամ, երբ Ցեղասպանության ճանաչման գործընթացը թափ է առնում, թուրքերը շտապում են հակաքայլեր ձեռնարկել: «Մենք ունենք ագրեսիվ, ցեղասպան հարևան, որը կատարվածի համար ոչ մեղք է զգում, ոչ խղճի խայթ, դեռ ավելին, շրջափակում է Հայաստանը, ինչն ըստ միջազգային օրենքի պատերզամական քայլ է: Թուրքիան աջակցում է մեր մյուս հարևանին, որի հետ դե ֆեակտո պատերազմական իրավիճակում ենք: Ցնորք է կարծել, որ նրանց հետ լեզու ենք գտնելու: Չի լինելու, մինչև իրենք չընդունեն, ասեն, որ վատ բան են արել, և անկեղծ պատրաստակամություն հայտնեն հարթելու իրավիճակը: Եթե այսպես տրամադրվենք, ավելի լավ կպայքարենք նրանց դեմ»,- նշում է նա:

Սիսի դատական գործը` Թուրքիայի դեմ բացված նոր ճակատի առաջին դրվագ

Անդրադառնալով Կիլիկիայի Հայոց կաթողիկոս Արամ Առաջինի կողմից Թուրքիայի դեմ հարուցված գործին` Կիլիկիո կաթողիկոսարանի տարածքը վերադարձնելու նպատակով, Սինանյանը համոզմունք է հայտնում, որ սա սկիզբն է պաշտոնական Անկարայի դեմ հայության կողմից սկսված նոր արշավի: «Սիսի գործը Թուրքիայի դեմ բացվելիք հազարավոր գործերից միայն առաջինն է: Եվ այս փաստը շատ լավ գիտակցում են թուրքերը»,- նշեց մեր զրուցակիցը` հավելելով, որ խոշոր գործերից հետո լինելու է անձնական հայցերի իսկական հեղեղ:

Շախմատն անգամ ԱՄՆ-ում շարունակում է լինել հայերի մենաշնորհը

Մեզ հետ զրույցում Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանն անդրադարձավ նաև շախմատում հայերի կողմից գրանցվող շարունակական հաջողություններին՝ արձանագրելով, որ հայկական շախմատային դպրոցը հայտնի է նաև իրենց մոտ: «Շախմատի հարցում հայերը մինչև հիմա մենաշնորհ ունեն: Մեր ամենալավ մարզիչները երևանյան դպրոցն են անցել: Բոլորը գիտեն, որ եթե ուզում ես շախմատ սովորել, պետք է գնաս հայերի մոտ: Մերոնք շատ հաջողակ են, և դրա վկայությունն ԱՄՆ հայտնի երիտասարդ գրոստմայստեր Սամվել Սևյանն է, ինչպես նաև Գլենդելում բնակվող Տաթևիկ Աբրահամյանը, ով ևս բարձր վարկանիշ ունի»,- նշեց Սինանյանը: Նա պատմեց նաև, որ ամեն անգամ, երբ Գլենդել է այցելում հայ անվանի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, քաղաքում նրա մասնակցությամբ շախմատային հանդիպումներ են կազմակերպվում:

Հայերը` Գլենդելի զարգացման գրավական

Սինանյանը հպարտությամբ ընդգծեց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ ներկայում Գլենդելի հայերը մեծ ներգրավվածություն ունեն տարբեր ոլորտներում: «Ոստիկանական կադրերի հարցում կա առաջընթաց, այժմ ունենք 20-ից ավելի հայ ոստիկան և ներկայում աշխատանքներ ենք տանում նրանց թիվն ավելացնելու ուղղությամբ: Ավելի լուրջ է հրշեջ կադրեր ունենալու խնդիրը. այօսր 180 հրշեջից միայն 2-ն են հայ»,- պատմեց նա: Սինանյանը համոզված է՝ Գլենդել քաղաքի զարգացման գործում անուրանալի և անժխտելի է հայերի դերակատարությունը: «Գլենդելն ԱՄՆ ամենաապահով և անվտանգ քաղաքներից է, իսկ դա կարևոր գրավական է, որ մարդիկ պատրատակամ լինեն ներդրումներ անել այստեղ»,- նշեց Զարեհը՝ պատմելով, որ հայերն այսօր քաղաքում ունեն մեծ թվով հաշվապահական և իրավաբանական գրասենյակներ, 3 խոշոր հիվանդանոց, բազմաթիվ բժշկական կլինիկաներ, խանութներ, ոսկերչական սրահներ և այլն:

Գլենդելի հայ համայնքն ավելի գիտակից է, քան նախկինում

Զարեհը փաստում է, որ նախորդ տարիների համեմատ Գլենդելի հայության մեջ շատ բան է փոխվել: «Այսօր երիտասարդ խավն ավելի ակտիվ է, ավելի գիտակից: Ներկայում մենք ունենք ավելի առողջ համայնք, որը հասկանում է, որ կյանքը չի սահմանափակվում արհեստավոր լինելով կամ ռեստորան ունենալով: Այժմ մեր համայնքն ավելի հարգված է: Եթե քաղաքական գործիչները 10 տարի առաջ մեկ-երկու անգամ «ցեղասպանություն» եզրույթն արտաբերելով կարծում էին, որ կստանան հայերի քվեները, հիմա հասկանում են, որ միայն այդքանը բավարար չէ»,- ասաց Սինանյանը՝ հպարտորեն արձանագրելով, որ տեղի հայերը ուժ և թափ են հավաքում: «Մենք ունենք քաղաքական ենթակառուցվածքներ, որոնք աշխատում են զուտ քաղաքական նպատակներ առաջ տանելու նպատակով»,- նշում է Գլենդելի նախկին քաղաքապետը՝ փաստելով նաև, որ տեղի հայերն ավելի համախմբված են իրենց նպատակներն առաջ տանելիս, քան նախկինում էր: Միաժամանակ նա ընդգծում է, որ ժամանակակից հայ երիտասարդությունն ԱՄՆ-ում շատ ավելի ազատ է և համարձակ: «Ներկայիս երիտասարդներն այլ կերպ են մտածում, քան մենք ժամանակին: Այսօր նրանք ավելի լուրջ հավակնություններ ունեն հաստատվելու ԱՄՆ բոլոր բնագավառներում»,- պատմում է Սինանյանը` հույս հայտնելով, որ առաջիկա տարիներին հայերին հնարավոր կլինի տեսնել նաև պետական այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ԱՄՆ պետդեպը, Կոնգրեսը և այլն:

Գլենդելն ու Գյումրին՝ քույր քաղաքներ

Սինանյանի` Հայաստան կատարած հերթական այցի կարևոր պատճառներից մեկն էլ Գլենդելի և Գյումրիի` քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ փաստատթղթերի ստորագրումն է, որի մասին Գլնդելի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել օրեր առաջ: «Հայաստանի համար Գյումրին յուրահատուկ քաղաք է` իր արվեստով և մշակույթով: Մեծ հաճույք է լինել այնտեղ, այցելել տեղի թանգարանները»,- նշում է Սինանյանը:

Արաքս Կասյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում