Սփյուռք

1100 սփյուռքահայ երիտասարդ այս տարի կմասնակցի «Արի տուն 2015» ծրագրին

3 րոպեի ընթերցում

1100 սփյուռքահայ երիտասարդ այս տարի կմասնակցի «Արի տուն 2015» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 15- ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդ այս տարի կմասնակցի «Արի տուն 2015» հայրենաճանաչության ծրագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 15-ին, ավանդական դարձած թվով 7-րդ ծրագրի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Այս տարի ծրագիրը կիրականացվի հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը:

«Ծրագիրը շատ կարևոր է նրանով, որ հազարավոր երիտասարդներ առաջին անգամ գալիս են Հայաստան, որի մասին միայն լսել էին իրենց ուսուցիչներից, բարեկամներից: Ամփոփելով 7 տարին՝ կարող եմ ասել, որ տասնյակ երիտասարդներ ընտանիքներ են կազմել, իրենց ուսումը շարունակել են հայկական բուհերում, շատերը ընտանիքներին ստիպել են գալ Հայաստան և հանգիստն անցկացնել հայրենիքում: Այս տարի ծրագիրը հիմնականում իրականացվելու է սիրիահայ երեխաների համար, որպեսզի մեր պատանիները ռումբերի փոխարեն տեսնեն մեր սիրելի հայրենիքը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Այս տարի մեկնարկած ծրագրի առաջին փուլին կմասնակցեն 58 երիտասարդներ, որոնցից 38-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, իսկ 20-ը՝ 13-18 տարեկան պատանիներ ու աղջիկներ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենիայից և ԱՄՆ-ից: Սփյուռքի նախարարը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ընտանիքների այն մայրերին, ովքեր իրենց տան դռներն են բացում սփյուռքի հայ երեխաներին՝ իրենց տանը ընդունելու և պահելու համար:

Ծրագրի ամենաերիտասարդ մասնակից 13-ամյա Ռայմոնդ Նազարյանը ծնողների հետ Հայաստանից մեկնել էր երկու ամսական հասակում և, ապրելով Մոկսվայում, այսօր բավականին կաշկանդված է խոսում հայերեն:

«Երեք ընկերներով եկել ենք մասնակցելու «Արի տուն» ծրագրին, որպեսզի տեսնենք Հայաստանի գեղեցիկ լեռները: Այս տարիների ընթացքում ընտանիքիս հետ շատ անգամ եմ եկել Հայաստան, սակայն հիմա կկարողանամ տեսնել երկրի մնացած գեղեցիկ վայրերը», - ասաց Ռայմոնդ Նազարյանը:

Ծրագիրը կիրականացվի 8 փուլով, որի շրջանակում տեղի կունենան այցելություններ թանգարաններ, Հայաստանի բազմազան պատմամշակութային կոթողներ, ամենօրյա հայոց լեզվի դասեր: Այս տարի «Արի տուն» ծրագրի շրջանակում կկազմակերպվի նաև 4-օրյա ամառային ճամբար Ծաղկաձորում, որը կներառի հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասեր:

Անցյալ տարվա ծրագրում կարևորվեց Դիարբեքիրից 50-հոգիանոց երիտասարդների այցելությունը: Իսկ այս տարի սպասվում է Դերսիմի իսլամացած հայերի ընտանիքներից 50 երիտասարդների մասնակցությունը «Արի տուն» ծրագրին:

«Արի տուն» ծրագիրը մեկնարկել է 2009 թ. , երբ աշխարհի 14 երկրներից Հայաստան այցելեց 14-25 տարեկան 317 երիտասարդ: Իսկ 2014 թ. ծրագրի շրջանակում Հայաստան այցելեցին 1071 սփյուռքահայ, ինչպես նաև 200՝ հայաստանաբնակ երեխաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում