Քաղաքականություն

ՀՀԿ խմբակցության քարտուղարը ցեղասպանությունների դեմ պայքարը համակարգված չի համարում

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ խմբակցության քարտուղարը ցեղասպանությունների դեմ պայքարը համակարգված չի համարում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկության դեմ հանցագործությունների պայքարի միջոցների կատարելագործումը շարունակում է մնալ միջազգային հարաբերություններում չլուծված խնդիրների շարքում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Ներկայումս միջազգային հանրությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում որդեգրել է ընդլայնված մոտեցում, սակայն մեծամասամբ ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործում միջազգային ջանքերը չունեն համակարգված բնույթ և չեն ապահովում բավարար ուշադրություն այս հարցի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելիքյանը:

Նկատի ունենալով 2015թ. ապրիլի 22-23 Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումի ընթացքում հնչած հնչած առաջարկություններն ու ընդունված հռչակագրի դրույթները՝ ՀՀ խորհրդարանի նախաձեռնությամբ հիմնադրվում է «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին, ովքեր իրենց ջանքերն են ներդրել ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարում և շարունակում են կարևորել ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման միջազգային համակարգված պայքարը, իրենց մասնակցությունը բերել այս պլատֆորմի ձևավորմանը»,- նշեց Մելիքյանը:

Նա հույս հայտնեց, որ ապագայում այդ պլատֆորմը կարող է միասնական պայքարի արդյունավետ հարթակ դառնալ՝ ավելացնելով ջանքերը մարդկության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունների կանխարգելման, համամարդային արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների անվտանգ և ապահով զարգացման, խաղաղարար նախաձեռնությունների աջակցման, հակամարտությունների կանխարգելման, ինչպես նաև հասարակությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորման գործում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում