Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական ուղին ամփոփվել է անվանի կոմպոզիտորի կենսամատենագիտությունում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի քառասնմյա ստեղծագործական ուղին ամփոփվել է կոմպոզիտորի կենսամատենագրությունում: Գիրքը հրատարակել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային գրադարանը՝ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: Հունիսի 3-ին Մանսուրյան կոմպոզիտորի արվեստը գնահատողները հավաքվեցին Հայաստանի ազգային գրադարանում՝ մասնակցելու կենսամատենագիտության շնորհանդեսին:

Համեստ, պարկեշտ, ազնվագույն… Անվանի կոմպոզիտորՏիգրան Մանսուրյանի ընկերները վստահ են՝ ածականների այս շարքն ամբողջությամբ չի նկարագրում մեծանուն դասականին:

Մաեստրոն շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աշխատել են կենսամատենագրության ստեղծման վրա՝ հատկապես գրքի խմբագրին և իր ընկերոջը՝ Հովհաննես Այվազյանին:

«Մի քանի տարվա աշխատանք է: Փառավոր աշխատանք է, ամբողջական տեսքի բերված, և կարող է ծառայել իր նպատակին: Եթե վաղը մեկն ու մեկը ցանկանա իմ գործունեության այս կամ այն դրվագին փաստերով ծանոթանալ, շատ լավ ուղեցույց կարող է լինել այս գիրքը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տիգրան Մանսուրյանը:

Անվանի կոմպոզիտորի խոսքով՝ ինքը աշխատասեր, աշխատող մարդ է:

«Ունեցել եմ լավ շրջաններ, պայթուցիկ, հանդարտ տարիներ, բայց յուրաքանչյուրի մեջ առավելություններ կան: Կյանք է, հետքերը մնում են ու տարբեր լինում: Ամբողջը տարօրինակ ձևով կարծես նախանշված էր, կարծես մի ձեռք ինձ բռնած առաջ է տանում ամբողջ կյանքի ընթացքում: Ամեն ինչի համար շնորհակալ եմ: Հույս ունեմ, որ այնքան կաշխատեմ, որ գրքի մեջ լրացումներ մտցնելու ուժ կգտնեմ»,-ընդգծեց կոմպոզիտորը:

Մանսուրյանի խոսքով՝ երաժշտության բնագավառում քչերն են ունեցել կենսամատենագրություն, և ինքը հպարտ է այս փաստի համար:

ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն ընդգծեց, որ Մանսուրյանի մասին կարելի է խոսել առավոտից մինչև գիշեր, գիշերվանից՝ լուսաբաց:

«Հայոց լեզվում բառեր կան, որոնք քիչ են օգտագործվում, օրինակ՝ «պարկեշտ», «ազնվագույն» բառերը: Տիգրանին տեսնելիս ասում ենք՝ պարկեշտ, ազնվագույն մարդ է: Նա իր գործով արդարացնում է իր ազգանվան վերջին «յան»-ը: Մի 40 տարի առաջ Մինասի և Մանսուրյանի հետ աշխատում էինք Շեքսպիրի «Համլետ»-ի վրա, ավա՜ղ այդ գործն այդպես էլ անավարտ մնաց Մինասից հետո»,-նշեց Ղազանչյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգծեց, որ իր համար և՛ հեշտ է, և՛ դժվար խոսել Տիգրան Մանսուրյանի մասին:

«Բավականին երկար ենք ընկերություն անում ՝ 1965 թվականից: Տիգրանից շատ բան ունեմ սովորելու: Նա իր երաժշտության մեջ մնաց այն, ինչ կար, կարողացավ զգալ ժամանակի շունչը: Նա կարողանում է մարդկանց սրտերը գրավել: Յուրաքանչյուրը կարողանում է հասկանալ նրա ասածը»,-նշեց Արամ Սաթյանը:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հույս հայտնեց, որ Մանսուրյանը կշարունակի ստեղծագործել: «Նրա երաժշտությունը պահանջված կլինի նաև 22-րդ և հաջորդող դարերում»,-ընդգծեց գրադարանի տնօրենը:

Ասպարեզ գալով 20-րդ դարի 60-ականներին՝ Տիգրան Մանսուրյանն իր ուրույն տեղը գրավեց հայ երաժշտարվեստի երախտավորների շարքում: Կենսամատենագրությունն ամփոփում է Մանսուրյանի տպագրված նոտաների, հոդվածների, հարցազրույցների, նրա մասին գրքերի, տպագիր մամուլում և ժողովածուներում հրապարակված նյութերի, ինչպես նաև նրան նվիրված գեղարվեստական գործերի մատենագիտական նկարագրությունները: Շնորհանդեսի ընթացքում հնչեցին նաև գեղարվեստական համարներ: Ինքը՝ մաեստրոն նվագեց «Կտոր մը երկինք»-ից հատված:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, ՆյուՅորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն:

Հայերեն English

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան

ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը