Սփյուռք

Սիրիահայերը ՀՀ արտգործնախարարի այցը Սիրիա «համայնքը սնուցող վիտամին» են համարել

2 րոպեի ընթերցում

Սիրիահայերը ՀՀ արտգործնախարարի այցը Սիրիա «համայնքը սնուցող վիտամին» են համարել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն ուշադիր հետևում է Սիրիայում տիրող զարգացումներին և փորձում լուծումներ գտնել սիրիահայերի անվտանգության ապահովման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիրքորոշում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանըˋ անդրադառնալով Սիրիա կատարած այցելությանը, որի նպատակն էր ծանոթանալ Սիրիայում ընթացող զարգացումներին:

«Սիրիայում ճգնաժամի առաջին օրերից մեր ուշադրության կենտրոնում էր սիրիահայության անվտանգության ապահովման հարցը: Մենք կարծում ենք, որ ճգնաժամը հնարավոր կլինի լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի միջև երկխոսության հաստատման միջոցով»,- ընդգծեց նախարարը:

Այցի ընթացքում նախարարը հանդիպել է հայ համայնքի և հայկական կառույցների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կառույցներից մեկի ղեկավարն ասել է, թե հանդիպումն իրենց համար «վիտամին» է:

«Հայաստանում հազարավոր սիրիահայեր են գտնվում, և ՀՀ կառավարությունը արել և շարունակում է անել հնարավորը՝ աջակցելու մեր սիրիահայ եղբայրներին: Շատ կարևոր էր հանդիպել հայ համայնքի և կառույցների ղեկավարների հետ, մեր համերաշխությունն ու աջակցությունը հայտնել նրանցˋ նշելով, որ Հայաստանն իրենց թիկունքում է կանգնած»,- ասաց Նալբանդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում