Տարածաշրջանային

Դավութօղլուի հակահայկական արտահայտությունների դեմ Twitter-ում «Ընկերս հայկական սփյուռքն է» արշավ է սկսվել

3 րոպեի ընթերցում

Դավութօղլուի հակահայկական արտահայտությունների դեմ Twitter-ում «Ընկերս հայկական սփյուռքն է» արշավ է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ, իշխող «Արդարութուն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ահմեթ Դավութօղլուի՝ հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում կազմակերպված հանրահավաքներում արած, ատելություն սերմանող հակահայկական արտահայտությունների, ինչպես նաեւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ) հայկական սփյուռքի հետ համագործակցելու մեջ մեղադրանքների դեմ Twitter-ում «Ընկերս հայկական սփյուռքն է» (#arkadasimermenidiasporası) հեշթագով արշավ է սկսվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» թերթը:

Ահմեթ Դավութօղլուն Բաթմանում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հայկական սփյուռքն ընտրությունների ընթացքում աջակցություն է հայտնել քրդական ԺԴԿ-ին:

Ելույթը սկսելով` «Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու» հայտնի ասացվածքով, Դավութօղլուն շարունակել է. «Քրդին, թուրքին, արաբին կարո՞ղ է օգուտ լինել մեկից, ում ընկերը հայկական սփյուռքն է: Միթե զուգահեռ կառույցից (գյուլենականներից, որոնց թուրքական իշխանությունները թշնամի են համարում իրենց-խմբ.) աջակցություն ակնկալող ԺԴԿ-ից կարող է օգուտ լինել ժողովրդին»: Նա ասել է, որ ընդդիմադիր Ազգայնական շարժում, Ժողովրդահանրապետական եւ ԺԴ կուսակցությունները, Քրդստանի աշխատավորական կուսակցության` Հյուսիսային Իրաքում կենտրոն Քանդիլը, հայկական լոբբին եւ միջազգային ԶԼՄ-ները միավորվել են` ԱԶԿ-ին հարվածելու համար:

Ահմեթ Դավութօղլուն ԺԴԿ-ի համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշին մեղադրել էր հայկական սփյուռքի հետ «առեւտուր» անելու մեջ` հայտարարելով, թե նա դա անում է, իբր, Թուրքիայում քրդական հարցի կարգավորումը սադրելու համար:

ԱԶԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 25-ին Ուրֆայում կազմակերպված հանրահավաքի ելույթում Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով թուրք-քրդական բախումներին եւ ակնարկելով ընդդիմությանը, ասել էր, թե «որոշ քաղաքական ուժեր Թուրքիան մասնատելու նպատակով համագործակցում են հայկական սփյուռքի հետ»:

«Իշխանությունների դեմ պայքարողների միակ նպատակն այս երկրին ու ազգին թշնամի հանդիսացող հայկական լոբբիստական ուժերի հետ համագործակցելն է», -ասել էր Էրդողանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում