Քաղաքականություն

Կարեն Անդրեասյանը ՀՀ գործող Սահմանադրության մեջ թերություններ տեսնում է

2 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանը ՀՀ գործող Սահմանադրության մեջ թերություններ տեսնում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրութամբ հնարավոր է հասնել իրական ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի, սակայն այն զերծ չէ նաև թերություններից: Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: «Ներկայիս Սահմանադրութամբ հնարավոր է հասնել իրական ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի, սակայն դրա համար հարկավոր են ահռելի ջանքեր, տարբեր ինստիտուտների և անհատների գործողությունների փոփոխություններ և համապատասխան կամք: Սակայն ներկայիս Սահմանադրությունը զերծ չէ նաև թերություններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ հարցը նրանումն է, թե ո՞ր ճանապարհն է ավելի արդյունավետ՝ գործադրել ահռելի ջանքեր և հասնել մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի գործող Սահմանադրությամբ, թե դրան հասնել Սահմանադրությունը փոխելու եղանակով: «Սա արդեն քաղաքական բանավեճի մաս է, որից ես ինձ դուրս եմ դնում՝ պահպանելով օմբուդսմենի ինստիտուտի քաղաքական չեզոքությունը»,- ասաց օմբուդսմենը:

Մանրամասնելով՝ Անդրեասյանն ընդգծեց, որ եթե, ի վերջո, քաղաքական ուժերը, հասարակությունը, իշխանությունները հանգեն այն եզրակացության, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոփոխությունների ենթարկվի, ինքը պատրաստ է իր դրական ներդրումն ունենալ այդ փոփոխություններում: «Ինձ, մասնավորապես, հետաքրքրում են դատական իշխանության վերաբերյալ կարգավորումները Սահմանադրության մեջ: Զարգացումների ցանկացած փուլում ես պատրաստ եմ ակտիվ մասնակցել, ներկայացնել առաջարկներ և իմ ներդրումն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովելու գործին՝ լինի դա գործող, թե նոր Սահմանադրության շրջանակներում»,- եզրափակեց Անդրեասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում