Պաշտոնական

Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն մայիսի 22-ին այցելել է Պռոշյանի կոնյակի գործարան: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, արտահանման ծավալին, ընթացիկ ծրագրերին և ընդլայնման հեռանկարներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գինեգործության ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով քննարկումները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վերհանել առկա խնդիրները և քննարկել դրանց լուծման փոխընդունելի տարբերակներ: «Կառավարությունը շահագրգռված է գինեգործության, խաղողագործության, կոնյակագործության զարգացման, արտադրական և արտահանման ծավալների ավելացման հարցում և պատրաստ է հնարավորինս աջակցել ցանկացած ողջամիտ առաջարկության»,- նշել է վարչապետը:

Գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը` ոլորտին ցուցաբերվող աջակցության համար, և ներկայացրել իրենց հուզող խնդիրները:Տնտեսվարողները, մասնավորապես, բարձրացրել են հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, խաղողի մթերմանը, տեղական և արտասահմանյան նոր տեսակների աճեցմանը, արտերկրում ցուցահանդեսների կազմակերպմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այլ խնդիրներ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը նշել է, որ հետևողական է լինելու տնտեսվարողների բարձրացրած յուրաքանչյուր օբյեկտիվ խնդրի լուծմանը և արհեստական խոչընդոտների վերացմանը: Այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը հորդորել է տնտեսվարողներին քննարկված հարցերն ու առաջարկությունները ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն և ակտիվ համագործակցել շահագրգիռ նախարարությունների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում