Տնտեսություն

Ֆինանսների նախարարը շուտով կներկայացնի Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումների արդյունքները

2 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարը շուտով կներկայացնի Ծառուկյանի ձեռնարկություններում  ստուգումների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վարչապետի հանձնարարականով ստուգումներ է իրականացրել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: «Հանրապետության Նախագահի համապատասխան հանձնարարականից հետո ես Ֆինանսների նախարարությանը տվել եմ համապատասխան ձեռնարկությունների ցանկ և հանձնարարել եմ այդ ձեռնարկություններում ստուգումներ անցկացնել: Ես մեկ շաբաթ առաջ հանդիպել եմ ֆինանսների նախարարի հետ, և նա ինձ խոստացել է մինչև հունիսի 5-ը ներկայացնել այդ ստուգուների արդյունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց վարչապետը:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը, թե ՀՀԿ խորհրդի հայտնի նիստի ժամանակ ՀՀ վարչապետն ինչ նկատի ուներ՝ ասելով, թե եթե կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, պետք է «բամփել»՝ վարչապետն ընդգծեց, որ այդ պահին եղել է ընդհանուր խոսակցություն և խոսքը վերաբերել է այն մարդկանց, ովքեր խուսափում են հարկեր վճարելուց: «Դա վերաբերել է բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղվում են բիզնեսով և հարկերը չեն վճարում: Այդ թեմայով է եղել մեր խոսակցությունը, և ես կարծում եմ, որ այդ հորդորը շատ ճիշտ է եղել, և եթե դուք լսում եք Ֆինանսների նախարարության հաղորդումները, մենք արդեն ստվերից 25-30 միլիարդ դրամ ենք մուտքագրել պետական բյուջե»,- ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում