Կոտայքի մարզի աղբահանության խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Կոտայքի մարզում աղբահանության խնդիրներին լուծում տալու ուղղությամբ: Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպկան բանկի միջև կնքված Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ծրագիրն իրականացվելու է 3.5 միլիոն եվրո վարկային միջոցների, ինչպես նաև դրամաշնորհների միջոցով, որոնք նույնպես լինելու են 3.5 միլիոն եվրոյի չափով:
«Ծրագրի իրականացման համար կտրամադրվի նաև 1.7 միլիոն եվրոյի տեխնիկական օգնություն, որը կուղղվի աղբավայրի կառուցման համար նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, մասնավորապես ծրագրի իրականացման համար ընկերության ձևավորմանը: Այդ ընկերությունը ձևավերելու են Կոտայքի մարզի 7 քաղաքային համայնքները, ինչպես նաև Սևան քաղաքը, որոնք ընդգրկված են ծրագրի մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տերտերյանը:
Անդրադառնալով ծրագրի կարևորությանը՝ Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ առաջին անգամ մի ամբողջ մարզի աղբահանության խնդիրները կարգավորելու համար հնարավոր կլինի ունենալ ժամանակակից աղբավայր: Փոխնախարարը վստահեցրեց, որ աղբավայրը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին: «Բացի այդ, այս ծրագիրը հնարավորություն կտա, որպեսզի մենք աղբահանության այդ փորձը կիրառենք նաև Հայաստանի մյուս մարզերում: Այս պահին կառավարությունը ռազմավարություն է մշակում՝ Հայաստանում աղբահանության որակը բարելավելու համար: Երբ մենք կունենանք վերջնական հայեցակարգը, այդ ժամանակ էլ կքննարկենք հանրապետության մնացած մարզերում ևս նման աղբավայրեր կառուցելու ուղղությամբ քայլերը»,- եզրափակեց Տերտերյանը: