Սփյուռք

Ստամբուլում սպանված հայ կնոջ գործով նոր դատական նիստ է կայացել

3 րոպեի ընթերցում

Ստամբուլում սպանված հայ կնոջ գործով նոր դատական նիստ է կայացել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում հարձակման հետևանքով հայուհի Մարիցա Քյուչյուքի սպանության գործով տեղի է ունեցել հերթական դատական նիստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատում տեղի ունեցած դատական նիստին ներկա են եղել Քյուչյուքի ընտանիքն ու մերձավորները, Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղի և «Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամներ, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներ Ֆիլոր Ուլուքը, Բարան Ուղուրլուն, հայկական համայնքի անդամներ:

Դատական մարմնի ներկայացուցիչները նշել են, թե հանցագործության վայրում հայտնաբերված արյան ԴՆԹ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքի վայրում մեկից ավելի մարդ է եղել, որոնք, սակայն, նախկինում հանցագործություն չեն կատարել:

Նիստի ժամանակ Քյուչյուքի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը պահանջել է, որ նոր քննություն անցկացվի, որում փորձ կարվի պարզել, թե ովքեր են հանցագործության վայրում եղած երկու մյուս անձինք, որոնցից մեկն, ի դեպ, կին է: «Կա հավանականություն, որ դեպքի վայրում հայտնաբերված արյան նմուշներից մեկը պատկանում է կասկածյալի կնոջը»,- ասել է Քեսքինը` տեղեկացնելով, որ գործի հիմնական կասկածյալ Մուրադ Նազարյանն ամուսնացած է թուրքմեն կնոջ հետ:

Ինքը` Նազարյանը, իր խոսքում նշել է, որ ամուսնացել է տասը տարի առաջ: «Կնոջս անունը Հարուքա Նազարյան է: Ավելի վաղ Թուրքիայում էր: Չգիտեմ, թե այս պահին որտեղ է գտնվում»,- ասել է կասկածյալը:

Դատարանը որոշում է կայացրել հաջորդ դատական նիստն անցկացնել հուլիսի 8-ին:

Թուրքական ԶԼՄ-երն ավելի վաղ հայտնել էին, որ սեփական տանը սպանված Մարիցա Քյուչյուքի մարմնի վրա դանակով խաչ էր արվել, իսկ տանից ոչինչ չէր գողացվել: Հանցագործը կամ հանցագործները չորս տարեց հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել են 2012 թ. դեկտեմբերի 27-ին` Թուրֆանդա Ա-ի նկատմամբ: Նրանք մտել են միայնակ բնակվող կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան եւ տարել նրա թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուքին: Մեկ ամիս հետո` 2013 թ. հունվարի 22-ին ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն եւ նրան եւս ծեծի ենթարկել: Նրանք փողոցում հարձակվել եւ փորձել էին առեւանգել եւս մեկ տարեց հայ կնոջ: Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգեկան խանգարումներ ունեցող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով հացաքննության ժամանակ ասել է, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին եւ չի հիշում, որ նման սպանություն եւ հարձակումներ է կատարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում