Հայկական Զինված ուժերն ամեն ինչ անում են հակամարտության խաղաղ լուծման համար. Սեյրան Օհանյան
2 րոպեի ընթերցում

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ԶՈւ ողջ հրամանատարական կազմն ամեն ինչ անում են հակառակորդի հետ խելացի «հարաբերությունների» ձեւավորման, խելացի պաշտպանության իրականացման եւ հրադադարի ապահովման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի 21-ամյակի առնչությամբ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի զորամասերից մեկում կայացած ասուլիսի ժամանակ: «Այսօր էլ ամեն ինչ անում ենք, որ հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Հետեւողականորեն գնում ենք դրան: Եթե չի ստացվում, ապա պետք է հարցնել հարեւաններին: Մենք անում ենք ամեն ինչ, որ հարաբերությունները չսրվեն եւ հարցերը լուծվեն փոխըմբռնման եւ մեր շահերի գերակայման պայմաններում»,- ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ այս տարիների ընթացքում հրադադարի ռեժիմը լիարժեք կերպով չի պահպանվել: Նախարարը շեշտեց, որ պարբերաբար ինտենսիվ կրակոցներ, դիրքերի առաջ տալու ժամանակներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ են եղել: Այս առումով Օհանյանը շեշտեց, որ նախորդ տարի դիվերսիոն գործողությունների լարվածությունը հասել է գագաթնակետին:
Նախարար Օհանյանը մայիսի 12-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ, եղել առաջնագծում:
1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Վերջին տասնամյակում հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկած մի քանի տարբերակներ մերժվել են Ադրբեջանի կողմից: