Քաղաքականություն

ՀՀ Նախագահը հուսով է` ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը ժամանակի հարց է

4 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը հուսով է` ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը ժամանակի հարց է

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի Ազգային Մայր տաճարում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջկրոնական աղոթքի ժամանակ հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տաճարում հավաքվածների առաջ ունեցած ելույթի ժամանակ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը արդարության և ճշմարտության համար մղվող հարյուրամյա պայքարի ընթացքում մշտապես զգացել է նաև ԱՄՆ-ի աջակցությունը: «Ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները, այդ թվում և Միացյալ Նահանգները: Ինչպես բնորոշել է մեծ ամերիկահայ Վիլիամ Սարոյանը. «Այստեղ հանդիպեցին Ցեղասպանությունից մազապուրծ հայերը, ծիծաղեցին ու աղոթեցին իրենց մայրենի լեզվով` ստեղծելով մի նոր Հայաստան»»,- ասել է ՀՀ Նախագահը:

Նա հիշեցրել է, որ ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դեռևս 19-րդ դարի վերջին խստորեն դատապարտել են սուլթանական կառավարության հակահայակական քաղաքականությունն ու օգնության ձեռք մեկնել տարագիր հայերին: «Հիշենք ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հերոսական ու բացառիկ առաքելությունն օվիկանոսից այն կողմ տառապյալ հայերին օգնություն ցուցաբերելու համար: Ամերիկյան հասարակությունը բողոքի ձայն բարձրացրեց նաև 1915-1923 թվականներին հայերի զանգվածային կոտորածների և տեղահանության դեմ, որը հետագայում պետք է որակվեր որպես Ցեղասպանություն: Ամերիկյան մամուլն ամեն օր տպագրել է այս ողբերգական իրադարձությունների ականատես դիվանագետների, միսիոներների, հրաշքով փրկված հայերի պատմածները, իսկ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի անունը ոսկյա տառերով է հավերժացել հայերի բարեկամների շարքում: Ժամանակին նա դարձավ առաջին ամերիկացին, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործության մասին` որպես ազգի ոչնչացման արշավ որակելով Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծել է Սարգսյանը` իր երախտիքի խոսքը հայտնելով նաև այն հարյուրավոր ամերիկացիներին, ովքեր Հայաստանի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի տարածքում որբանոցներ հիմնեցին` մահից փրկելով և խնամելով Ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայ որբերի: «Մեր օրերում էլ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությանը հստակ գնահատական տալու փորձեր են կատարվում: Միայն այն փաստը, որ արդեն 44 նահանգ ճանաչել և դատապարտել է մարդկության դեմ իրագործված այդ ոճիրը, արդեն իսկ ասածիս վառ ապացույցն է: Հուսով եմ, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ոչ թե «եթե»-ի այլ «երբ»-ի հարց է»,- ասել է ՀՀ Նախագահը` կոչ անելով Ցեղասպանության սրբադասված նահատակների համար աղոթելու հետ մեկտեղ աղոթել նաև, որ ճշմարտության և արդարության պահանջը լինի մշտարթուն և ղողանջի հավերժ: «Եկեք համատեղ ուժերով վիրակապենք մարդկության վերքերը` հասնելու համար արդարության և խաղաղության մեզանում և ողջ աշխարհում»,- եզրափակել է ՀՀ Նախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում