Քաղաքականություն

Իսպանիայի օրենսդիրները խոստանում են Ցեղասպանության հարցը բարձրացնել բոլոր հարթակներում

3 րոպեի ընթերցում

Իսպանիայի օրենսդիրները խոստանում են Ցեղասպանության հարցը բարձրացնել բոլոր հարթակներում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր մարդիկ և երկրները, որոնք արդարության կողմից են, պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցելության ժամանակ «Արմենպրես»-ին տրված բացառիկ հարցազրույցում այս մասին նշեց Իսպանիայի Կոնգրեսի բասկ պատգամավոր Ռաֆայել Լառռեինան: Մայիսի 5-ին Իսպանիայի Սենատի բասկ անդամ Ուրկո Այարթցան և Իսպանիայի Կոնգրեսի բասկ անդամ Ռաֆայել Լառռեինան այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության հուշահամալիրում և շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտով:

Գործակալության հետ զրույցում Ռաֆայել Լառռեինան, մասնավորապես, նշեց.

-Ես կարծում եմ՝ շատ կարևոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ափսոս, որ դա այսքան ձգձգվում է: Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ և երկրները, որոնք արդարության կողմից են, պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Բասկերի երկրի խորհրդարանն՝ այն խորհրդարանը, որ ներկայացնում է բասկ ժողովրդին, ճանաչել է այն: Այս է պատճառը, որ ցանկացանք ներկա գտնվել հուշահալիրում՝ հրապարակայնորեն հայտարարելով մեր ճանաչման մասին, հարգանքի տուրք մատուցել և հայտարարել, որ կիսում ենք ցավը և կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը նրանց, ովքեր դեռ չեն ճանաչել այն, քանի որ սա մարդասիրության ու ժողովրդավարության, ինչպես նաև՝ մարդկանց միջև համերաշխության հարց է:

-Նշեցիք, որԲասկերիերկրիխորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:Որևէ բանաձև ներկայացվելո՞ւ է արդյոք Իսպանիայի խորհրդարանում:

-Որպես բասկ հասարակության ներկայացուցիչներ՝ մենք այս հարցը բարձրացնելու ենք այն բոլոր հարթակներում, որտեղ աշխատում ենք: Իհարկե, մենք աշխատելու ենք իսպանական հաստատությունների հետ, որպեսզի Իսպանիայի կառավարությունն ու հաստատությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որպեսզի նրանք կիսեն ցավն ու միանան ցեղասպանությունը ճանաչած եվրոպական պետությունների շարքին: Անելու ենք հնարավորը, որ այս անարդարությունը երբեք չկրկնվի: Մենք մի քանի շաբաթ առաջ հասանք նրան, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լռության րոպեով հարգվի Ցեղասպանության զոհերի հիշատակը, բայց մենք ցանկանում ենք ունենալ լիագումար նիստի համաձայնությունˋ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

-Ինչպե՞ս եք գնահատում Արցախի խորհրդարանական ընտրությունները:

-Որպես դիտորդներ՝ մեր գնահատականը շատ դրական է: Մենք տեսանք, որ պահպանվել են բոլոր ժողովրդավարական միջազգային չափանիշները: Ընտրությունները բացարձակ ժողովրդավարկան էին: Ղարաբաղի ժողովուրդը հստակ և ազատորեն հայտնեց իր կարծիքը, և ես կարծում եմ, որ սա պիտի գնահատվի և ընդունվի որպես իրականություն: Ես կարծում եմ, որ այն քայլերը, որ արվում են, տանելու են Լեռնային Ղարաբաղի ամբողջական ճանաչմանըˋ ճանաչմանն այն հանրապետության, որ գոյություն ունի ու իրական է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում