Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերի կմեկնի ԱՄՆ և Մեքսիկա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված շրջագայությամբ հանդես կգա ԱՄՆ-ում և Մեքսիկայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նվագախմբի մամուլի ծառայությունից, շրջագայությունը տեղի կունենա մայիսի 8-14-ը: Առաջին համերգը կկայանա մայիսի 8-ին Վաշինգտոնի «Սթրաթմոր» համերգասրահում: Որպես մենակատար երեկոյին հանդես կգա նաև սոպրանո Հասմիկ Պապյանը:
Այնուհետև՝ մայիսի 12-ին Լոս Անջելեսի «Ուոլտ Դիսնեյ» համերգասրահում կանկացվի շրջագայության երկրորդ համերգը, որին որպես մենակատար ելույթ կունենա ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը:
Մայիսի 14-ին էլ Մեխիկոյի «Նեցաուալկոյոթլ» համերգասրահում կայանալիք համերգին, որպես մենակատար, ելույթ կունենա թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆը: Բոլոր համերգները կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Շրջագայությունը կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ: