Հասարակական

Ապրիլին աշխարհն այլ հայացքով նայեց Հայաստանին

2 րոպեի ընթերցում

Ապրիլին աշխարհն այլ հայացքով նայեց Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ու ապրիլյան իրադարձությունները մեծացրին Հայաստանի մասին տեղեկատվական հոսքը: Արդյունքում՝ աշխարհն այլ հայացքով սկսեց նայել Հայաստանին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեակետ հայտնեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ Աստղիկ Ավետիսյանը: Նա ընդգծեց, որ առաջին անգամ էր, որ միջազգային լրատվամիջոցների ուշադրությունն այսպես կետրոնացավ Հայաստանի վրա:

«Ամեն ինչ սկսեց նրանից, որ մեկնարկեց «100 կյանք» նախագիծը, որին հաջորդեց Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Տեղի ունեցածը իսկապես հեղափոխություն էր, քանի որ մենք հաշվի էինք նստում մարդկանց հետ, ովքեր միլիոնավոր երկրպագուներ ունեն: Դրան հաջորդեց Վատիկանում անցկացված պատարագն ու Հռոմի պապի ելույթը, որը աննախադեպ իրադրաձություն էր և լայնորեն լուսաբանվեց միջազգային ԶԼՄ-ների կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ավետիսյանը:

Նրա խոսքով` Էջմիածնում անցկացված սրբադասման արարողությունն ու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառումը կազմակերպված էին բարձր մակարդակով: «Յուրաքանչյուրը, գիտակցելով իր պարտքի զգացողությունը, փորձեց արժանապատվորեն կատարել իր աշխատանքը: Բոլորը մեկ մարդու նման մեկ խնդիր էին բարձրացնում. Ցեղասպանության հարցը միայն հայերինը չէ, այն համաշխարհային է»,- ընդգծեց փորձագետը:

Աստղիկ Ավետիսյանը հավելեց, որ լրատվամիջոցների համար կարևոր ուղերձներ էին Գարեգին 2-րդ և Արամ 1-ին կաթողիկոսների ելույթները, ինչպես նաև տարբեր երկրների ղեկավարների այցը Հայաստան: Դրանց գումարվեցին նաև սփյուռքի կազմակերպած միջոցառումները, ինչպես նաև Էյֆելյան աշտարակի և Կոլիզեյումի լույսերն անջատելը: Իսկ բոլոր հարցերի պատասխանները տրվեցին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ, որտեղ խոսվեց ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ցեղասպանություն երևույթի և դրա կանխման անհրաժեշտության մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում