Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Վարդ Մանուկյանի գործերը հնչել են Եթովպիայում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը մենահամերգով հանդես է եկել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Վարդ Մանուկյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործությունները: Համերգին ողջույնի խոսքով հանդես է եկել Եթովպիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, ներկա էր նաև Եթովպիայի հայ համայնքի ղեկավար Վարդգես Նալբանդյանը: Համերգը կայացել է հայ համայնքի աջակցությամբ:
Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի անդամ Վաչե Հովեյանի խոսքով` 2015 թվականին քառյակն ստացել է հրավերներ Եգիպտոսից, Իսրայելից, նախատեսվում են համերգներ նաև Ավստրալիայում, իսկ հունիսին հանդես կգա Երևանում: Առաջիկա համերգները ևս կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը ստեղծվել է 1982 թվականին` մեծանուն երաժիշտ Զարեհ Սահակյանցի կողմից: Մինչև 2001 թվականը, քառյակը Արտաշես Մկրտչյանի ղեկավարությամբ հանդես է եկել արտերկրում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում, մասնակցել է մի շարք միջազգային փառատոների: 2004 թվականից քառյակը ղեկավարում է Վաչե Հովեյանը: Նորացված կազմով քառյակը հանդես է եկել Արցախում, Իտալիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում, ինչպես նաև անցկացրել է վարպետության դասեր: 2009 թվականին քառյակը, ՀՀ մշակույթի նախարարության և «Լուսակն» մշակութային հասարակական կազմակերպության հետ իրականացրել է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված համերգաշար` ներգրավելով մի շարք անվանի երաժիշտների: Քառյակը դպրոցականների և ուսանողների համար շարունակաբար իրականացնում է տարբեր ծրագրեր: Արամ Խաչատրյան քառյակին իրենց ստեղծագործություններն են նվիրել մի շարք հայ կոմպոզիտորներ: