Պաշտոնական

ԾԻԳ-երի աշխատանքները գտնվելու են ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում

2 րոպեի ընթերցում

ԾԻԳ-երի աշխատանքները գտնվելու են ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարներն անդրադարձել են իրենց կողմից կատարված աշխատանքների կատարողականներին, տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերին և առկա խնդիրներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանը կարևորել է ԾԻԳ-երի արդյունավետ գործունեությունը և պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը բարձր որակով կյանքի կոչելու համար:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԾԻԳ-երի աշխատանքները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և ոչ օբյեկտիվ պատճառներով թերի կատարված աշխատանքների պատասխանատուները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է բոլոր ԾԻԳ-երին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար:

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը պահանջել է ԾԻԳ-երի ներկայացուցիչներից զերծ մնալ որևէ տեսակի կոռուպցիոն դրսևորումներից և ընդգծել, որ այս հարցում ևս լինելու է առավելագույնս հետևողական: Վարչապետը կարևորել է ծրագրերի իրականացման բոլոր գործընթացների թափանցիկությունը և արդյունավետությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում