Սփյուռք

Բրազիլիայում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

9 րոպեի ընթերցում

Բրազիլիայում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի համալսարանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված դասախոսություն, որն ընթացել է լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նմանատիպ դասախոսություն է կազմակերպվել նաև Սան Պաուլոյի Դաշնային համալսարանում:

Ապրիլի 19-ին Սան Պաուլոյի ամենահեղինակավոր և ամենամեծ տպաքանակն ունեցող «Estado de São Paulo» օրաթերթը Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի հետ հարցազրույց է տպարգել, որում ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը, խոսվում է Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման մասին, ինչպես նաև ներկայացվում երկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանն ուղղված իրանակցված և կայանալիք միջոցառումները:

Նույն օրը Սան Պաուլոյի մեկ այլ հեղինակավոր օրաթերթ` «Folha de Sao Paulo»-ն, իր միջազգային հարաբերություններ հատվածի ամբողջ էջը նվիրել է Հայոց ցեղասպանության խնդրին: Հոդվածագիրը Հայաստան կատարած այցելության ընթացքում հնարավորություն է ունեցել առավել խորը ըմբռնելու Հայոց ցեղասպանության նշանակությունը հայ ժողովրդի համար, ինչպես նաև անմիջական տպավորություններ ստանալու ապրիլի 23-26-ը Հայաստանում կայանալիք հիմնական միջոցառումների նախապատրաստման վերաբերյալ: Հոդվածում տեղ են գտել թե՛ Հայաստանում և թե՛ Բրազիլիայում բնակվող անձանց վկայությունները Ցեղասպանությունը վերապրած իրենց նախնիների վերաբերյալ:

Ապրիլի 23-ին Սան Պաուլոյի Հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ պատարագ՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կապակցությամբ։ Արարողությանը մասնակցել են նահանգային պատգամավորներ, հայկական կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ, հայկական եկեղեցիների առաջնորդներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ։ Պատարագից հետո` ժամը 12:15-ին, (Երևանի ժամանակով՝ 19:15-ին) 100 անգամ ղողանջել են եկեղեցու զանգերը։ Պատարագի ավարտին եկեղեցու բակում կայացել է ծաղկեպսակների տեղադրման արարողություն։

Ապրիլի 24-ին Սոցիալ-քրիստոնեական կուսակցության կազմում Սան Պաուլոյի նահանգից ընտրված դաշնային պատգամավոր, հոգևոր հովիվ Մարկո Անտոնիո Ֆելիցիանոն պաշտոնական ուղերձով դիմել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին և արտաքին հարաբերությունների նախարար Մաուրո Վիեյրային՝ կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, ինձ համար մեծ պատիվ է դիմելու Ձեզ այս օրը, երբ լրանում է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածի 100-րդ տարելիցը, որը բազմաթիվ պատմաբանների և ավելի քան 22 ազգերի կողմից ճանաչվել է որպես ժամանակակից պատմության առաջին ցեղասպանություն, որտեղ սպանվել է ավելի քան 1.5 միլիոն մարդ՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ, հիմնականում քրիստոնյաներ»: Ուղերձի ավարտին Մարկո Անտոնիո Ֆելիցիանոն հայտնում է, որ դիմում է երկրի ղեկավարին հազարավոր հայերի անունից, ովքեր շնորհել են իրեն այս մանդատով և, որ վստահ է, որ այն նաև համապատասխանում է Բրազիլիայի հասարակության այն ճնշող մեծամասնության ցանկությանը, ովքեր իրենց համարում են քրիստոնյաներ։

Ապրիլի 24-ին բրազիլական մամուլը հեղեղված է եղել Հայոց ցեղասպանության մասին պատմող և այդ առնչությամբ տարբեր երկրներում իրականացվող միջոցառումների լուսաբանմամբ: Միայն Բրազիլիայի առաջատար «Globo» հեռուստաընկերությունը և նրան պատկանող «Globo» օրաթերթը տպագրել են և թողարկել ավելի քան 12 հոդվածներ և լրատվական հաղորդումներ: Բոլոր լրատվական ժամերին կատարվել են ուղիղ միացումներ Բրազիլիայում, Հայաստանում և Երուսաղեմում միջոցառումները լուսաբանող լրագրողների հետ, մանրակրկիտ ներկայացվել է տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծաքանակ տպագիր նյութեր են հրապարակել նաև «Correio Brasilense» «Estado de Sao Paulo», «Folha de Sao Paulo» և այլ օրաթերթերը: «Correio Brasilense» և «Folha de Sao Paulo» օրաթերթերում ապրիլի 24-ին հրապարակվել են նաև դեսպան Գալոյանի հարցազրույցները:

Ապրիլի 24-ին Սան Պաուլոյի Հայ առաքելական եկեղեցում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ, որին ներկա են եղել դաշնային և նահանգային պատգամավորներ, բրազիլացի պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայկական կազմակերպություների և ակումբների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Պատարագից հետո ներկաներն ուղևորվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր: Սան Պաուլոյի ռազմական ոստիկանության փողային նվագախումբը կատարել է Հայաստանի և Բրազիլիայի պետական օրհներգերը, որից հետո կայացել է ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն:

Նույն օրը Սան Պաուլոյի կենտրոնական պողոտաներից մեկում` Ավենիդա դո Էստադոյում գտնվող Սան Պաուլոյի նահանգային ճանապարհային դեպարտամենտի շենքն անվանակոչվել է «Armenia»: Ավանանկոչման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել դեսպան Գալոյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվո հյուպատոս տիկին Հիլդա Բուրմայանը, Սան Պաուլոյի նահանգապետարանի և քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքային կառույցների ու կազմակերպությունների ղեկավարներ:

Ապրիլի 25-ին կայացել է դրոշմանիշների հանգչեցման պաշտոնական արարողությունը: Նույն օրը Օզասկո քաղաքի հայկական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ։ Ներկաների թվում են եղել Օզասկոյի քաղաքապետը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական եկեղեցիների առաջնորդներ, հայկական կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ։

Ապրիլի 26-ին Սան Պաուլոյի հայկական բոլոր եկեղեցիներում կայացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագներ: Ներկաների թվում են եղել Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական եկեղեցիների առաջնորդներ, համայնքային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ և այլն:

Ապրիլի 27-ին Սան Պաուլոյի Օրենսդիր ժողովում կայացել է միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Օրենսդիր Ժողովի առաջնամուտում գտնվող հայկական խաչքարի մոտ կատարվել է ծաղկեպսակների զետեղման արարողություն, որից հետո Օրենսդիր Ժողովում հնչել են Հայսատանի և Բրազիլիայի պետական օրհներգերը: Բացման խոսքով հանդես են եկել Սան Պաուլոյի Օրենսդիր ժողովի նախագահ Ֆերնադո Կապեզը, հանդիսավոր նիստի նախագահ, պատգամավոր Սելսո Գիգլիոն և դեսպան Գալոյանը: Հայ առաքելական եկեղեցու քահանաները, ըստ սահմանված եկեղեցական կարգի, մատուցել են Սուրբ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ելույթով է հանդես եկել նաև պատգամավոր Պեդրո Տոբիասը, ով հեղինակել է ապրիլի 8-ին ընդունված №1266/2014 պատմական բանաձևը, համաձայն որի ապրիլի 24-ը հռչակվել է «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»:

Հանդիսավոր նիստի ավարտին ներկաները ունկնդրել են «Էրեբունի-Երևան» երգը` Վահագն Մինասյանի կատարմամբ, որից հետո մասնակցել են Հայ բարեգործական ընդհանուր միության հանդիսավոր ճաշկերույթին:

Բրազիլական բոլոր ազդեցիկ ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում երկրում տեղի ունեցող միջոցառումները: Դեսպան Գալոյանը հարցազրույցներ է տվել մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ «Cultura» և «Globo» հեռուստաընկերություններին։ Բացի հեղինակավոր «Cultura» և «Globo» հեռուստաընկերություններից, Հայոց ցեղասպանության 100-րդ տաելիցին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր բրազիլական օրաթերթեր, ինչպիսիք են «Carta Capital»-ը և Բրազիլիա մայրաքաղաքի ամենամեծ տպաքանակն ունեցող «Correio Brasilense»-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում