Հայոց ցեղասպանություն

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հայցը նմանատիպ առաջին գործն է Թուրքիայում. գործում թուրք իրավաբան է ներգրավված

4 րոպեի ընթերցում

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հայցը նմանատիպ առաջին գործն է Թուրքիայում. գործում թուրք իրավաբան է ներգրավված

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ եկեղեցու ունեցվածքը պատկանում է Հայ եկեղցուն. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայից պահանջում է իրեն վերադարձնել Սիսի կաթողիկոսարականը, հայկական ազգապատկան ու եկեղեցապատկան տարածքները: «Մենք պետք է իմանանք, որ Սիսի կաթողիկոսությունն իր գործունեության ողջ ընթացքում ծաղկուն ժամանակներ է ապրել: Այս շատ կարևոր սուրբ վայրը տվել է հազարավոր աստվածաբանների, պատմաբանների, մարդկանց, ովքեր նպաստել են մեր աշխարհայացքի ընդլայնմանը... Այսօր մենք hետ ենք պահանջում մեր հողերը, այնտեղ մեր կրոնը դավանելու, երկրպագելու համար, ինչպես արել ենք հազարավոր տարիներ: Ես գիտեմ, որ այդ հողը մերն է, գիտեմ նաև, որ այն ճանաչում է իր տերերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 29-ին Վաշինգթոնում տեղի է ունեցած ասուլիսի ժամանակ ասել է Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը:

Մարդու իրավունքների գծով մասնագիտացած թուրք իրավաբան Ջեմ Սոֆուօղլուն, ով նաև գործը վարող դատապաշտպաններից է, նշել է, որ սա նման բնույթի առաջին դատական գործն է Թուրքիայում: «Դատական հայցը, որ երկուշաբթի օրը ես ներկայացրեցի թուրքական դատարան այս բնույթի առաջին գործն է Թուրքիայում` եկեղեցական գույքն իր տերերին վերադարձնելու պահանջով»,- նշեց նա` տեղեկացնելով, որ գործի ընթացքում չի շոշափվելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը. այն լինելու է բացարձակապես ունեցվածքի վերադարձի գործ:

Իսկ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, նշելով, որ Արամ Ա կաթողիկոսը այս հարցի շուրջ զրուցել է ԱՄՆ նախագահի, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ապա` Ջոն Քերիի հետ, ինչպես նաև այն լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվական միջոցների կողմից, հույս հայտնեց, որ սա հայկական ունեցվածքի վերադարձի առաջին քայլը կլինի: «Մենք սա Թուրքիայի կառավարությանն ընձեռված ևս մեկ հնարավորություն ենք համարում`հետ կանգնելու իր ժխտողական քաղաքականությունից, ուղղումներ կատարելու և իր անցյալի հանցագործությունների հետ հաշվի նստելու համար: Ի վերջո սա նաև օրենքի գերակայության հաստատման խնդիր է»,- կարծիք հայտնեց Համբարյանը:

Ասուլիսը վարել է միջազգային իրավունքի պրոֆեսոր, Հաագայի դատարանում ՄԱԿ-ի նախկին դատախազ Փայամ Աքավանը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսն իր պատմական կաթողիկոսարանին վերադարձնել: Նախորդ երկու տարիների ընթացքում դատական պատրաստության աշխատանքին միացել է թուրքական ու միջազգային դատավարական օրենքների մասնագետներից բաղկացած հանձնախումբ՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ: Վաղը Վաշինգտոնում և առաջիկայում Ժնևում մամուլի ասուլիսներ կկազմակերպվեն մեր պահանջն օտար շրջանականերում ու միջազգային համայնքին ծանոթացնելու համար: Այս առիթով Վեհափառ Հայրապետն անհրաժեշտ բացատրություններ կտա մեր ժողովրդին»,- ասված է կաթողիկոսության հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում