Մշակույթ

Փարիզում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրույթը

3 րոպեի ընթերցում

Փարիզում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրույթը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու ամսից ավելի աշխարհի մշակութային ու թանգարանային մայրաքաղաք Փարիզում գործելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրույթը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում, մեծ քանակությամբ բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ, բացված ժամանակավոր ցուցադրույթը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «ՀԱՅԱՍՏԱՆ, 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրույթը աշխարհի տարբեր ծայրերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունների շարքում աչքի է ընկնում իր աննախադեպ մեծ քանակությամբ ցուցանմուշներով: Ցուցադրության հանդիսավոր բացմանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին է նվիրել 1919 թ. Մերձավոր Արևելքի նպաստամատույցի տպագրած հանրահայտ պաստառներից մեկը:

«Իհարկե, հիմա տեսնում ենք միայն փայլուն արդյունքը, սակայն կուզենայի նշել, որ այս և ամենը երկարատև աշխատանքի հետևանք են: Սկսած պայմանավորվածությունից, որ ձեռք բերվեց մի քանի տարի առաջ, ընթացքից, որը նյութի ընտրությունն էր, համակարգումը, մինչև այսօր, երբ Փարիզի բնակիչներն ու միլիոնավոր այցելուները հնարավորություն ստացան ծանոթանալ մեր թանգարանի ցուցանմուշներին և ընդհանրապես Հայոց ցեղասպանության թեմային: Սա աննախադեպ մի իրադարձություն է և, իմ կարծիքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական միջոցառումներից մեկը», - ասաց Սուրեն Մանուկյանը:

Փարիզի քաղաքապետարանում՝ Օթել դե Վիլի (Hôtel de Ville) միաժամանակ երկու սրահներում ցուցադրության են հանվել 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ցնցող դրվագները ներկայացնող թանգարանային նմուշներ ու լուսանկարներ: Շուրջ 150 ցուցանմուշից շատերը, որոնցից յուրաքանչյուրը մարդկային ողբերգության այս կամ այն դրվագի մասին բացառիկ տեղեկություն է հաղորդում, առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանից դուրս: Ցուցադրույթը ներառում է ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական իրեր, փաստաթղթեր, օրագրեր, լուսանկարներ, թերթեր, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների հանգանակության թողարկումներ և այլ բնօրինակ նյութեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում