ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը 15 մլն դոլար է հատկացնում ավերիչ երկրաշարժից տուժած Նեպալին օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է համաշխարհային կազմակերպության հումանիտար հարցերի կոորդինացման վարչության՝ ապրիլի 28-ին հրապարակված հաշվետվության մեջ:
«Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը կարգադրել է ՄԱԿ-ի կենտրոնական հիմնադրամից 15 մլն դոլար հատկացնել արտակարգ իրավիճակին արձագանքելու համար, որպեսզի միջազգային հումանիտար կազմակերպություններին հնարավորություն ընձեռվի արագորեն գործողություններ ծավալել Նեպալում»,- ասված է փաստաթղթում:
Ըստ վերջին գնահատումների՝ ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը, վնասվածքներ է ստացել շուրջ 10 հազար մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ տարերքի հարվածից տուժել է երկրի 8,1 մլն բնակիչ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ը գործընկերների հետ միասին ջանքեր է գործադրում Նեպալի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար: Այսպես, Պարենի համաշխարհային ծրագիրը պլանավորում է երեք ամսվա ընթացքում օգնություն ցույց տալ 1,4 մլն մարդու: Բացի այդ, Ծրագիրը երկիր է ուղարկել 80 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, որոնք ներառում են վրաններ, վերմակներ եւ դեղորայք:
Իր հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Նեպալ է հասցրել դեղորայք, որը նախատեսված է առաջիկա ամիսներին 80 հազար մարդու օգնություն ցուցաբերելու համար:
Լուսանկարը`EPA