Քաղաքականություն

Հունաստանի խորհրդարանի նախագահը ողջունում է ցեղասպանության հանցագործության դեմ Հայաստանի նախաձեռնած պայքարը

3 րոպեի ընթերցում

Հունաստանի խորհրդարանի նախագահը ողջունում է ցեղասպանության հանցագործության դեմ Հայաստանի նախաձեռնած պայքարը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման հարցում Հունաստանի խորհրդարանը դաշնակցելու է Հայաստանին, նաև այն պատճառով, որ մարդկության դեմ այդ հանցագործությունը ճանաչելն ու դատապարտելը մարդ կոչվելու հանձնառության մաս է: Այս մասին, ապրիլի 26-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուն:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելը, հիշելն ու այդ մասին հիշեցնելը, արդարություն ու խաղաղություն պահանջելը կարևոր և անհրաժեշտ քայլեր են մարդկության մասը լինելու մեր հանձնառությունն արդարացնելու համար»,- «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ ասել է Զոի Կոնստանդոպուլուն, ում խոսքերով նա Հայաստանում է ոչ միայն Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով, այլև հայության նկատմամբ հույն ժողովրդի համերաշխությունը հավաստելու համար:

Զոի Կոնստանդոպուլուն նշեց, որ բարձր են գնահատում այս տարվա մարտին Հայաստանի խորհրդարանի կողմից Պոնտոսի ու Փոքր Ասիայի հույների ցեղասպանության ճանաչումը: Հունաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 1996թ.:

«Հույների համար Հայոց ցեղասպանության ճանաչումը առավել քան կարևոր է, քանի որ այն նախապատրաստվել և իրականացվել է այն նույն համատեքստում և ժամանակաշրջանում, որում իրականացվել է Պոնտոսում ու Փոքր Ասիայում հույների ցեղասպանությունը»,- նշել է հունական օրենսդիր մարմնի ղեկավարը, հավելելով,- «Շատ կարևոր է դաշնակցել և միանալ ընդդեմ ցեղասպանության: Այս համատեքստում ողջունում եմ Հայաստանի և Հայաստանի նախագահի նախաձեռնությունը սկսելու համաշխարհային պայքար ցեղասպանությունների դեմ: Հունական պառլամենտը ճանաչման գործում Հայաստանի դաշնակիցն է այլ պետությունների խորհրդարանների ու ՄԱԿ-ի անդամ երկրների հետ միասին»:

Զոի Կոնստանդոպուլուն կարևորել է Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության և «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի անցկացումը. «Կարևոր էր, որ ֆորումի շրջանակներում գիտնականները, քաղաքական գործիչները, խորհրդարանականները, հասարակական ակտիվիստները կարողացան միասական հռչակագիր ընդունել ընդդեմ ցեղասպանության և ուրախ եմ, որ այդ հռչակագրում անդրադարձ է կատարված Փոքր Ասիայում և Պոնտոսում իրականացված հույների ցեղասպանությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում