Պաշտոնական

Հունաստանի խորհրդարանի նախագահը շարունակելու է աջակցել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին

2 րոպեի ընթերցում

Հունաստանի խորհրդարանի նախագահը շարունակելու է աջակցել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Հունաստանի պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է Հունաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը վկայում է Հայաստանի և Հունաստանի բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում հաստատված փոխգործակցությունը և կարևորել երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ քայլերի իրականացումը, խորհրդարանական կապերի ամրապնդումը:

Զոի Կոնստանդոպուլուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ, որպես Հունաստանի խորհրդարանի նախագահ, շարունակելու է իր ներդրումը բերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Տիկին Կոնստանդոպուլուի խոսքով՝ հայ-հունական բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ, որոնք երկու երկրների կապերի զարգացման լավ հիմք են: Հունաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հունաստանն իրեն համարում է Հայաստանի դաշնակիցը և կարևորել միջազգային կառույցներում փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում