Քաղաքականություն

Օբաման Հռոմի պապը չէ. ԱՄՆ նախագահը դրժեց իր խոստումը. Ռագըփ Զարաքոլու

2 րոպեի ընթերցում

Օբաման Հռոմի պապը չէ. ԱՄՆ նախագահը դրժեց իր խոստումը. Ռագըփ Զարաքոլու

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր պետական շահն ավելի բարձր է դասում, քան մարդկային արժեքները, սկզբունքները, որոնք պետք է գերառաջնային լինեին այդ պետության համար. տեսակետը թուրք մտավորական, ցեղասպանագետ Ռագըփ Զարաքոլուինն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով փաստը, որ, հակառակ տված խոստումներին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չարտասանեց «Ցեղասպանություն» բառն ու շարունակեց բռնել ժխտողականության ուղին, Զարաքոլուն ասաց, որ այլ բան հնարավոր էլ չէր ակնկալել: Նա շեշտեց, որ ԱՄՆ-ին եւ Թուրքիային տնտեսական եւ քաղաքական շահերն են կապում, եւ այս պարագայում Օբաման մարդկային արժեքը ստորադասեց տնտեսականին:

«Պարզապես, ԱՄՆ-ն պետական շահն ավելի բարձր է դասում, քան ճշմարտությունը: Այսօր Թուրքիայում արշավ է սկսվել Հռոմի պապի դեմ: Նա հզոր անձնավորություն է: Նա Օբաման չէ: Նա չփոխեց իր դիրքորոշումը և իր պաշտոնավարման ընթացքն օգտագործեց նաև հայ ժողովրդի ցավն ընդունելու համար»,- ասաց նա` հավելելով, որ այսօր որոշակի առումով Թուրքիայում մտածողություն է փոխվում: «Կան մարդիկ, ովքեր արդեն գիտեն, խոսում են Հայոց ցեղասպանության մասին, սակայն դա քիչ է, դա բավարար չէ, որ քաղաքացիական հասարակությունը կարողանա պարտադրել պետությանը առերեսվել պատմությանը:

«Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերացան ինչպես Արևմտյան Հայաստանը, այնպես էլ Պոնտոսն ու ասորիների պետությունը: Թուրքիան հզոր մշակութային ժառանգության կրող էր այդ տարիներին, բայց մարդկային այդ հզոր ժառանգությունը զոհաբերվեց հանուն մի ասպետության կառուցման: Հայոց ցեղասպանությունը թուրք ազգի կառուցման հիմքերից մեկն էր: Այդ է պատճառը, որ ժխտումն այդքան ուժեղ է. եթե ընդունեն Ցեղասպանությունը, ամբողջ թուրքական պատմությունը, հերոսները կփոշիանան»,- ասաց Զարաքոլուն` հավելելով, որ թուրքական ժխտողականությունը պայմանավորված է նաեւ այն գործոնով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հատուցումը հսկայական է լինելու:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում