Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ի ընդունած հայտարարության տակ ստորագրել է նաև թուրք պատվիրակը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼՒԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած հայտարարության տակ ստորագրել է նաև թուրք պատգամավորը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության տակ ստորագրել է 170 պատգամավոր: ԵԽԽՎ պաշտոնական կայքում արդեն իսկ հրապարակվել է հայտարարությունը և դրա տակ ստորագրած պատգամավորների ցանկը: Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության տակ ստորագրել է նաև թուրք պատգամավոր Նազմի Գուրը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ցեղասպանությունն անընդունելի հանցագործություն է հանդուրժողականության, մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների վրա հիմնված հասարակության համար: Նման հանցագործությունների վաղաժամ դատապարտումը վստահաբար կարող է կանգնեցնել հակամարտությունների սրացումները, ողբերգությունները և համամարդկային աղետները: Հայոց ցեղասպանության ժամանակին և հստակ դատապարտման բացակայությունը պատճառ դարձավ մարդկության դեմ հետագայում նոր ոճրագործությունների ծնունդին, ինչպես օրինակ՝ Հոլոքոստը: Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանություն, որի ընթացքում 1.5 միլիոն հայեր ոչնչացել են Օսմանյան կայսրության կատարած ոճրագործության պատճառով: Հայտարարության տակ ստորագրած պատվիրակները հարգում են անմեղ զոհերի հիշատակը և դատապարտում մարդկության դեմ բոլոր տեսակի ոճրագործությունները: Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումը և նման երևույթների կանխումը պետք է լինի մեր առաջնահերթություններից: ԵԽԽՎ-ն կարևոր դեր ունի մարդկության դեմ հանցագործությունների կանխման գործում»: