Ամաչում եմ իմ պետության դիրքորոշման համար. Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ութ անգամ դրվել է Բուլղարիայի խորհրդարանում: Վերջերս խորհրդարան տարված փաստաթուղթը, սակայն, քիչ առաջ անհասկանալի պայմաններում խորհրդարանի օրակարգից հանվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ ասաց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Վոլեն Սիդերովը:
«Մենք հույս ունենք, որ այս անգամ Բուլղարիայի խորհրդարանում արդարությունը կհաղթանակի, սակայն գիտեք ինչ տեղի ունեցավ: Քիչ առաջ ինձ զանգեցին եւ ասացին, որ վաղը քննարկվելիք հարցը խորհրդարանի օրակարգից հանվել է: Կարող եմ միայն մեկ բան ասել` ամաչում եմ իմ պետության դիրքորոշման համար: Ես այլ խոսքեր չունեմ: Միայն կարող եմ հավաստիացնել, որ Բուլղարիայի պաշտոնական դիրքորոշումը Բուլղարիայի հասարակությունը չի կիսում եւ իրենք ինձ պես հարգում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,- ասաց բուլղարացի պատգամավորը:
Բուլղարիայի խորհրդարանում առաջարկն ապրիլի 22-ին ներկայացրել է «Ատակա» ազգայնական կուսակցության փոխնախագահ Դեսիսլավ Չուկալովը: