Թուրքիան չի կարող փակել ականջները, երբ աշխարհը բղավում է. թուրք իրավապաշտպան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք իրավապաշտպանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և կոչ անում իր պետությանը` ներողություն խնդրել հայերից: Նա վստահ է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն քաղաքական կամ մարդու իրավունքների, այլև համալիր խնդիր է, որը 20-րդ դարի խնդիրներից ամենակարևորն է: Երևանում կայացած ասուլիսի ժամանակ թուրք իրավապաշտպան Յուսուֆ Ալաթաշը, ով Թուրքիայում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ և Human Rights Association-ի գործադիր խորհրդի անդամ է, հայտարարեց, որ ցանկանում է, որ իր պետությունը ոչ թե հերոսացնի, այլ դատապարտի հայոց ցեղասպանության մեղավորներին:
«Ես կիսում եմ հայերի ցավը և հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեր կազմակերություններն ու հիմնադրամը վաղուց արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և աշխատում են այն ուղղությամբ, որ պետությունն էլ հետևի մեր քայլին: Թուրքիան և միջազգային հանրությունը պետք է ճանաչեն հայերի ցեղասպանությունը, որ հետագայում կանխվեն նման արարքները: Հայերի կոտորածների կազմակերպիչները պետք է ոչ թե հերոսացվեն, այլ դատապարտվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ալաթաշը:
Թուրք իրավապաշտպանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան պետք է լուրջ քայլ կատարի` առանց դժվարություններ ստեղծելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ: «Նախ պետք է ընդունել, որ ցեղասպանությունը ցեղասպանություն է, ապա ներողություն խնդրել հայերից: Դրանից հետո միայն կարող ենք խոսել սահմանի բացման և ազգերի միջև երկխոսության ձևավորման մասին»,- ասաց նա:
Յուսուֆ Ալթաշը նաև համոզմունք հայտնեց, որ Թուրքիան չպետք է ոտնձգություններ կատարի այլ պետությունների վրա ազդելու համար: «Թուրքիան չի կարող փակել ականջները, երբ աշխարհը բղավում է»,- հավելեց նա: Ալաթաշը նաև նկատեց, որ թուրք հասարակության շրջանում տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին: