Քաղաքականություն

Չեխիան այս օրերին հայ ժողովրդի կողքին է. Զդենեկ Շտրոման

2 րոպեի ընթերցում

Չեխիան այս օրերին հայ ժողովրդի կողքին է. Զդենեկ Շտրոման

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիան այս օրերին փոքր, բայց միևնույն ժամանակ հպարտ հայ ազգի կողքին է, և նրա հետ ոգեկոչում է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած ոճրագործության զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակը:

Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Չեխիայի խորհրդարանի փոխնախագահ Զդենեկ Շտրոմանը: «1915թ. ոճրագործության նպատակն է եղել երկրի երեսից բնաջնել մի ամբողջ ազգի: Ազգ, որն այս տարածաշրջանում ապրում է շուրջ 2500 տարի, ազգ, որն առաջինն է ընդունել քրիստոնությունը որպես պետական կրոն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շտրոմանը:

Նա ընդգծեց, որ մի քանի տարի առաջ Չեխիայի խորհրդարանում 1915թ. իրադարձությունների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ, որոնց ընթացքում Չեխիայի նախկին վարչապետն ասել է, որ հայերի ջարդերի մասին հիշելը ողջ մարդկության բարոյական պարտքն է: «Ես ցանկանում եմ հիշեցնել նաև Ադոլֆ Հիտլերի խոսքերը: Երբ նացիստական Գերմանիայի ղեկավարությունը քննարկում էր հրեաներին բնաջնելու հարցը, Հիտլերը կոչ է արել հանգիստ լինել՝ ընդգծելով, որ հայերի ջարդերի մասին որևէ մեկը չի հիշում: Ես կարծում եմ, որ մենք պետք է դասեր քաղենք պատմությունից, սակայն, ցավոք, մարդկությունը դեռևս պատմությունից դասեր չի քաղում»,-ընդգծեց Շտրոմանը:

Նա հիշեցրեց նաև, որ օրեր առաջ Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը դատապարտող հայտարարություն է ընդունել՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհերի հիշատակին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում